Ռիսկը մեծ է…

timthumb (3)

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարներին համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ’ ըստ առանձին ապրանքների: Նրա խոսքերով՝ պետք է դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծողների նկատմամբ:

 

Սակայն բազմաթիվ տնտեսագետներ արդեն իսկ ահազանգում են, որ ներմուծվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու քաղաքականությունը Հայաստանի պես երկրներում դժվար թե հնարավոր լինի իրականացնել: ժամանակին տարբեր ապրանքների մասով նման փորձ կատարվել է, սակայն գործնականում հայկական արտադրանքով չի ստացվել փոխարինել ներմուծվող ապրանքները՝ ինչպես ծավալների, այնպես էլ որակի առումով։

 

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձեր արվեցին, սակայն այդ փորձերը ձախողվեցին, որովհետև շուկան մեծ չէ, իսկ մարդաքանակը փոքր է: Հետևաբար, պետք է գիտակցել, որ այս մոդելի կիրառման ժամանակներն անցել են: Ներմուծվող ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինելու քաղաքականությունն արդյունքներ կարող է ապահովել մեծ շուկա ունեցող երկրների համար, որտեղ սպառումը մեծ է: Ռուսաստանում այժմ տարվում է նման քաղաքականություն, և Հայաստանն, ամենայն հավանականությամբ, հենց այս օրինակից է վարակվել, «կրկնօրինակել է»:

 

Ռուսաստանի Դաշնությունն այս քաղաքականությամբ կարող է հաջողության հասնել, բայց ՌԴ շուկան հակասության մեջ է մտնում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականության հետ: Իհարկե, Հայաստանը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միությանը, ընդհանուր շուկային, բայց սա կհանգեցնի նրան, որ մեր շուկայում տեղական արտադրողները կարող են դուրս մղել տեղական արտադրանքը ու մենք կունենանք հակառակ պատկերը: 

 

Այդ դեպքում՝ ինչո՞ւ է վարչապետը նման հանձնարարական տալիս, արդյոք հաշվարկներ չե՞ն արվել, նախկին ձախողված փորձը չի՞ ուսումնասիրվել: Պատասխանն ակնհայտ է՝ երկիրը զրկված է ինքնուրույն տնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորություններից, տնտեսական ցուցանիշները վատթարանում են, ուստի՝ կառավարությունը փորձ է անում փոխառել մոդելները՝ իրավիճակը մեղմելու համար: Սակայն նման փոխառությունը Հայաստանում կիրառելի չէ:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *