Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի հուլիսի 25-ից հետո. նրա գրասենյակի ղեկավարն առաջարկում է տեսաձայնագրել ընթացքը

6618954

«Մենք ծանուցում ենք ստացել Հատուկ քննչական ծառայությունից Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության ներկայանալու կապակցությամբ»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Հաշվի առնելով, որ հարցը գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, ես որոշեցի հրապարակել նամակը, որով պատասխանել ենք հարցաքննության գնալու հայցին: Ծանուցագրով հարցաքննության օր էր նշանակվել հուլիսի 6-ը, սակայն մենք տեղեկացրինք, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա Հայաստան ոչ շուտ, քան 2018թ. հուլիսի 25-ը: Երևան վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին»,- ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ Ռոբերտ Քոչարյանին կարող են ներգրավել որպես կասկածյալ և մեղադրյալ, Սողոմոնյանն ասաց. «Ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ո՛չ ԿԸՀ որոշումներով, ո՛չ ՍԴ որոշումներով։ Պաշտպանության նախարարությունն էլ այդ կարգը, նոր սահմանադրական ինստիտուտ ստեղծելով, տապալել է։ Սա ծաղր է օրենքի նկատմամբ»,-, ասաց նա՝ ընդգծելով, որ չի հավատում, որ այդ եզրակացությունը գրել է իրավաբանը։

Սողոմոնյանը հորդորեց ուշադիր կարդալ 2005 թվականի Սահմանադրությունը, մասնավորապես՝ Զինված ուժերին վերաբերող հատվածը, նախագահի լիազորությունները, համադրել փաստահավաք խմբի փաստերի հետ։

«Ակնհայտ փաստեր ուղղակի անտեսված են։ Այսինքն՝ պարզապես հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որ փաստահավաք խումբը հետապնդել է։ Իսկ այդպիսի նպատակներն ակնհայտ են, դրանց գոյությունը քննարկումից դուրս է։ Չկա այնպիսի հարց, որը կստիպի մեզ անհանգստանալ»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Վիկտոր Սողոմոնյանն ասաց՝ իրենք առաջարկում են հարցաքննությունը սկզբից մինչև վերջ տեսաձայնագրել՝ այն անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար:

Նա հերքեց նաև Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ կարողություններ ունենալու լուրերը. «Ըստ մամուլի, իրեն են պատկանում բոլոր բանկերը՝ բացի HSBC-ից»,- հեգնեց նա։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը գործով որպես մեղադրյալ է անցնում։ Վերջինս մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Տեսանյութը՝ Yerevan.Today-ի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *