Ռուբեն Մելիքյանը հանուն Արցախի՝ գործունեություն կծավալի Երևանում

timthumb (2)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել օմբուդսմանի պաշտոնից:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով իր հրաժարականի պատճառներին ու հետագա գործունեությանը՝ նշեց, որ կլինի այնտեղ, որտեղ ավելի արդյունավետ է, իսկ այդ դաշտը տեսնում է քաղաքացիական հասարակությունում, որտեղ խնդիրներ կան: Սակայն դեռ հստակ պլաններ չունի, այդ ուղղությամբ կմտածի, երբ ավարտին հասցվի հրաժարականի գործընթացը:

Հարցին՝ արդյոք հայաստանյան իշխանություններից առաջարկ ստացե՞լ է, հնարավո՞ր է գործունեություն ծավալի Հայաստանում, Մելիքյանը պատասխանեց.

«Հայաստանյան իշխանություններից որևէ առաջարկ չեմ ստացել և անկեղծ ասած՝ չեմ էլ ակնկալում, որ առաջարկ կստանամ: Սակայն իմ գործունեությունը շարունակելու եմ Երևանում:  Պետք է նշեմ, որ դիմել եմ փաստաբանական արտոնագիր ստանալու համար, հուսով եմ՝ շուտով կստանամ և, հավանաբար, փաստաբանական գործունեությամբ կզբաղվեմ»:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ նախընտրում է զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ. «Մասնավորապես, իրավապաշտպան հանրության շրջանակներում նաև ներկայացնել Արցախի տեսանկյունը, քանի որ, իմ պատկերացմամբ՝ հայաստանյան քաղաքացիական հասարակությունում ոչ ամբողջապես են ընկալում Արցախի կարիքները, այն հնարավորությունները, որ հայաստանյան քաղաքացիական հասարակությոնն ունի, ամբողջությամբ չեն օգտագործվում հենց Արցախի խնդիրները ներկայացնելու տեսանկյունից: Քանի որ ասում ենք, որ հիմա Հայաստանն ավելի ժողովրդավարական պետություն է, ես հունիս ամսին կոչով դիմեցի հայաստանյան իրավապաշտպան հանրությանը և քաղաքացիական հասարակությանը, որպեսզի մենք համատեղ նոր պայմաններում կարողանանք մեր միջազգային  գործընկերների առջև բարձրացնել այն հարցը, թե ինչո՞ւ միջազգային իրավապաշտպան համայնքը ներկայացված չէ Արցախում, ինչո՞ւ Արցախում բնակվող մարդիկ չունեն այն նույն հնարավորությունները, ինչ որ նրանց հարևանները: Բայց իմ կոչն այդպես էլ մնաց անարձագանք: Հասկացա, որ հենց հայաստանյան քաղաքացիական հասարակության ներսում պետք է որոշակի գործեր այս ուղղությամբ իրականացնենք: Իսկ խնդիրներն իրականում ավելի շատ են: Ես դրանց մասին անպայման կխոսեմ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով, որ սա հենց այն ոլորտն է, որտեղ իր կարծիքով կարող է օգտակար կլինել:

Անդրադառնալով հարցին, թե ում է տեսնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, արդեն նախկին օմբուդսմանը պատասխանեց. «ՄԻՊ-ի ընտրությունը Ազգային ժողովի լիազորությունների սահմաններում է: Կան մարդիկ, որոնք կարող են ոչ պակաս հաջողությամբ իրականացնել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը: Ես ուրախ եմ, որ նոր պաշտպանին կարող եմ փոխանցել լուրջ ձեռքբերումներ ունեցող ինստիտուտ, շատ լավ կոլեկտիվ, որը կարող է նոր հաջողություններ գրանցել»,-հավելեց Մելիքյանը:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *