Ռուբեն Վարդանյանը լվանում է ձեռքերը.Կարապետյանը կորցրե՞լ է վերջին շանսը

timthumb

Օրերս տարածվեց տեղեկություն, որ գործարար Ռուբեն Վարդանյանը շվեյցարական «Գլոբալ բլյու» ընկերության հետ Ռուսաստանում ներդնում է «տաքս ֆրի» համակարգ՝ զբոսաշրջիկներին ԱԱՀ վերադարձի համար: Դա բավական խոշոր ներդրում է Ռուսաստանում, որը ներկայում գտնվում է տնտեսական ոչ այնքան նպաստավոր իրավիճակում: Ռուբեն Վարդանյանի գործունեության կապակցությամբ տևական ժամանակ հնչեղ նորություններ չկան Հայաստանի ուղղությամբ: Իսկ սա արդեն որոշակի ցուցիչ է, որը ապրիլին ընդառաջ դառնում է անչափ ուշագրավ:
Ինչպես հիշում ենք, Ռուբեն Վարդանյանն առաջին ու միակ խոշոր գործարարը, բարերարն ու գործիչն էր, որը հրապարակավ, բաց տեքստով հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակվելը և նրա հաջողելը Հայաստանի «վերջին շանսն» է և «երկրորդ շանս չի լինելու»: Բացի այդ նա կարծիք էր հայտնել, որ Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում ստատուս-քվոյի լուրջ փոփոխություն է և առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ: Ակնհայտ է, որ ինչ-որ բան այս ամիսների ընթացքում խանգարել է իրագործել Վարդանյանի նշած վերջին շանսը: Գուցե դա հենց ապրիլին ընդառաջ առկա անորոշություն մթնոլորտն է, որը վանում է դրսի ինվեստորներին: Սակայն, ինչպես երևում է ՝ վանում է նաև յուրայիններին:
Ռուբեն Վարդանյանի անունը այս ընթացքում հնչում էր Դիլիջանի միջագզային դպրոցի և Ավրորա հիմնադրամի համատեքստում: Ինչ խոսք, այս ամենը անուրանալի ներդրումներ են, թեև «Ավրորա» մրցանակաբաշխությունը արժանացավ որոշակի քննադատության և այն անվանեցին ոչ ավել, ոչ պակաս՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»: Հանրությունը նկատի ուներ, որ Վարդանյանը կարող էր այդ գումարը նվիրաբերել տեղի սովյալներին: Իհարկե սա անչափ նեղ մեկնաբանություն է՝ օրինակ, եթե հրեա գործարարները և բարեգործները ևս այդպես մտածեին, թերևս Հոլոքոստի պատմական փաստը մինչ օրս էլ մերժվեր առաջադեմ մարդկության կողմից:
Կարապետյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում Ռուբեն Վարդանյանը ակտիվ էր, իսկ այժմ նրա ներդրումները ուղղվում են այլ երկրների տնտեսությունների մեջ: Ինչո՞ւ: Գուցե պատճառը այն է, որ Վարդանյանը քաջատեղյակ է հայաստանյան տնտեսության իրական՝ չնկարված թվերին, իրական վիճակին, և բնականաբար լինելով առաջին հերթին գործարար, հանուն պաթոսի և կարապետյանական դրայվի չի պատրաստվում ռիսկի դիմել: Մյուս կողմից Վարդանյանը ի տարբերությունը Սամվել Կարապետյանի  «պարտավոր»  չէ ներդրումներ անել, քանի որ նա չի հանդիսանում վարչապետի ֆինանսական հենարանը կամ հենարաններից մեկը: Նա չի հրապարակայնացրել, բարձրաձայնել քաղաքական ամբիցիաների, հավակնությունների մասին, իր ազգականներին չի խցկել պառլամենտ կամ իշխանության այլ մարմիններ: Ոչ Վարդանյանը իշխանություններից, ոչ էլ իշխանությունները նրանից պահանջներ կարծես թե չունեն:
Այս առումով` իշխանության համար Վարդանյանն նույնիսկ պրոբլեմ է, եթե անգամ չունի քաղաքական ամբիցիաներ, մանավանդ, որ հասարակության և բիզնեսի ինտելեկտուալ խմբերը երես են թեքում իշխանություններից` համագործակցության դաշտ բացելով գործարարի հետ: Նրա նախագծերը կողմնորոշված են հենց մրցակցային միջավայրի ձևավորմանը, մի բան, որ անցած տարիներին հետևողականորեն ոչնչացվել է իշխանությունների կողմից: Պարզապես քանի դեռ Վարդանյանը չի հայտարարել իր քաղաքական հավակնությունների մասին, ըստ այդմ` «լեգիտիմացված» չեն նրա նկատմամբ իշխանությունների ճնշումները: Եվ վերջին ու թերևս ամենակարևոր պատճառր թե ինչու է հայ գործարարի կապիտալը դեգերում օտար ափերում: Կարեն Կարապետյանի կառավարությունը չհաջողեց, այսինքն ՝ ըստ Վարդանյանի վերջին շանսը ևս կորցված է: Արդյո՞ք սա նշանակում է , որ IDEA-ի հիմնադիրը ընդհանրապես լվանում է ձեռքերը, թե պարզապես թայմ աութ է վերցնում մինչ կավարտվեն Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ընթացող ներքաղաքական վերադասավորումները:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *