Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը

timthumb (4)

Լոս Անջելեսում այս գիշեր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Առայժմ պաշտոնապես չի հայտարարվում, թե վերջնական արդյունքում որքան գումար է հավաքվել համազգային ջանքերով: Ընդամենը փաստենք, որ այս տարի հավաքագրված նախնական գումարի չափը էականորեն զիջում է նախորդ տարվա ցուցանիշներին, ինչը նոնսենս է հետհեղափոխական երկրի համար: Հիմնադրամը, սակայն, հրապարակել է խոշոր նվիրատվություններ կատարած անձանց և կազմակերպությունների ցանկը:
Վերոնշյալ ցանկում մեծամասնություն է կազմում հայաստանյան գործարար սեգմենտը: Այսպես, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը» ինչպես և անցած տարի՝ այս տարի ևս 200 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել: Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Հոլդինգը» նվիրաբերել է 60 միլիոն դրամ նախորդ տարվա՝ 125 000 ամն դոլարի դիմաց: Ցանկից ակնհայտ է դառնում, որ նվիրատուների մեծ մասը հեղափոխությունից հետո նոր քաղաքական-տնտեսական իրողություններին հարմարված գործարարներն են: Այս սեգմենտի  մոտ կարելի է ասել՝ իրավիճակ չի փոխվել. ինչպես «մուծվում» էին ընդհանուր «կասսա» Սերժ Սարգսյանի օրոք, նույնն էլ հիմա է ՝ քանի որ առկա է նաև սեփականության և բիզնեսի ապահովության խնդիրը: Հանգանակված գումարները, որոնք այս օլիգարխները վճարում են այդ բիզնեսի ապահովագրության դիմաց՝ ընդամենը կոպեկներ են: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված էր մեծամասամբ երկրի քաղաքական էլիտայից և հավաքված գումարի չափը խոսում էր հենց այդ էլիտայի հաջողության կամ ձախողման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու կարողության մասին: Հայաստանյան տնտեսական էլիտան, ըստ էության, պարտավորված էր հնարավորինս աջակցել քաղաքական էլիտային այս հարցում: Նույնը տեղի է ունենում նաև այսօր. իշխանությունը, համապատասխանաբար՝ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է, սակայն խաղի կանոնները՝ ոչ:
Միևնույն ժամանակ, հրապարակված նախնական ցանկից ակնհայտ է դառնում ռուսաստանաբնակ մեծահարուստների, գործարարների պասիվությունը: «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը կամ «Իդեա Գրուպի» սեփականատեր Ռուբեն Վարդանյանը  տարիներ շարունակ գլխավորում էին Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկը, մինչդեռ  այս տարի, կարելի է ասել՝ Ռուսաստանը ընդհանրապես չի մասնակցել: «Հայաստան» համահայկական հիմնադրամից ևս հաստատում են մեր այս վարկածը՝ նշելով, որ Ռուսաստանից այդ պահի դրությամբ որևէ տեղեկություն չեն կարող փոխանցել: Ըստ երևույթին, ռուսաստանաբնակ օլիգարխների պասիվությունը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով, և դա ևս մեկ մեսիջ է Փաշինյանի կառավարությանը: Եվս մեկ, որովհետև նմանատիպ մի դրվագ էլ արձանագրվել էր այս տարվա սեպտեմբեր ամսին, երբ Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ հանդիպմանը ռուսաստանաբնակ օլիգարխիայի «կորիզը» այդպես էլ չներկայացավ՝ դրսևորելով իր հստակ վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:
Այս տարի չի կայացել նաև Մոսկվայում ավանդական ճաշկերույթը, որը մշտապես նախորդում էր հեռուստամարաթոնին: Կարելի է ենթադրել, որ հատկապես Սամվել Կարապետյանի և նրա «թևի» բոյկոտը պատահական չէ. թավշյա հեղափոխությունից հետո ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ամեն գնով փորձում էր բուրգի վերեւում պահել Կարեն Կարապետյանին, որի ֆինանսատնտեսական հենարանն էլ հանդիսացել է վերջինիս վարչապետության ողջ ընթացքում: Սակայն Կարապետյանների ծրագրերը տապալվեցին: Մյուս կողմից էլ՝ պետք է նշել, որ անգամ եթե ռուսաստանաբնակ հայ գործարարները մեծագույն ցանկություն դրսևորեին օժանդակելու հայրեկանական տնտեսության զարգացմանը, դա իրականություն չէր դառնա՝ Մոսկվայի պրեսինգի և «դաբրոյի» բացակայության պայմաններում: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները թավշյա հեղափոխությունից հետո, ինչպես հայտնի է՝ լավագույն ժամանակաշրջան չեն ապրում…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *