Ռուսաստանում բախտ մի որոնեք

գաղթ

Հայաստանում կյանքի որակը գահավիժում է: Մարդիկ աշխատանք չունեն, ընտանիք պահել չեն կարողանում և մտածում են երկրից հեռանալու մասին: Ամենավատն այն է, որ մարդկանց մոտ վերացել է հույսը, հավատը, թե կարող է վաղն աշխատատեղ բացվել կամ երկրում արդարություն հաստատվել, ինչի արդյունքում կգնահատվի մարդու ոչ այնքան քսակը, որքան արժանիքները, տաղանդը:

Ես էլ եմ դեմ արտագաղթին ու այն չարիք եմ համարում, լրջագույն սպառնալիք՝ Հայաստանի անվտանգությանը, զարգացման հեռանկարին: Բայց գնացողներին չեմ մեղադրում, որովհետևմարդիկ մեկ կյանք են ապրում և ուզում են այն արժանապատվորեն անցկացնել:

Մեր հասարակության կառուցվածքը, մենթալիտետը, աշխատանքային կարգապահությունն ու նախասիրություններն այնպիսին են, որ մերոնք հիմնականում բռնում են Ռուսաստան տանող ճանապարհը: Այստեղ մեր հայրենակիցներին սպասում է հիասթափության նոր ալիք: Հումքային տնտեսություն ունեցող Ռուսաստանը նույնպես գահավիժում է և այդ տխուր ընթացքը չի ընդհատվելու առաջիկա առնվազն երեք տարվա ընթացքում: Առայժմ տեսանելի չէ Ռուսաստան-արևմուտք հակամարտության վերացման հեռանկարը, ըստ այդմ, ռուսական տնտեսությանը հարվածող արևմտյան պատժամիջոցները չեն չեղարկվելու: Շարունակվում է նավթի համաշխարհային գների անկումը:

Տնտեսական ճգնաժամն առայժմ հաղթահարվում է խնայողությունների և պարտքեր վերցնելու հաշվին: Պահուստային ֆոնդը, որի միջոցները գոյանում են նավթի վաճառքից, անցած երկու տարում գրեթե դատարկվել են: Այժմ Պուտինի իշխանությունը սկսել է ծախսել Ազգային բարեկեցության հիմնադրամի գումարները: Գուցե արտաքուստ առայժմ նկատելի չէ, սակայն Ռուսաստանում կրճատվում են աշխատատեղերը, մեծանում է սոցիալական լարվածությունը: Անցած տարի պաշտոնական ցուցանիշներով գնաճը կազմել է 7,5%:

Սոցիալական լարվածությանը զուգահեռ՝ Ռուսաստանում ծաղկում են ազգայնամոլությունը, այլատյացությունը: Հաճախ խրախուսվում են այս երևույթները, հասարակության ուշադրությունն իրենց քաղաքականության ձախողումից շեղելու նպատակով: Մեծ է հավանականությունը, որ մեր հայրենակիցները Ռուսաստանում կունենան ոչ միայն սոցիալական խնդիր, այլ նաև այլատյացության թիրախ դառնալու վտանգ:

Ռուսաստանում բախտ մի որոնեք: Այս խորհրդին կարելի է հավելել մեկը ևս՝ յուրաքանչյուր մարդ իր բարեկեցության համար հնարավորինս արդյունավետ կարող է պայքարել հայրենիքում:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *