ԱՄՆ Նյու Յորք նահանգի Օյսթեր-Բեյ քաղաքի իշխանությունները զրկել են ռուս դիվանագետներին քաղաքի լողափեր անվճար այցելության իրավունքից: Այդ մասին հայտնում է CBS New York-ը:
Նախորդ տարիներին տեղի վարչակազմն ամեն ամառ 100 անվճար անցաթուղթ է տրամադրել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: Սակայն այժմ նրանք ստիպված կլինեն մյուս այցելուների հետ հավասար վճարել լողափում հանգստանալու հնարավորության համար:
«Մեր որոշումը բացարձակ ոչ մի կապ չունի նրա հետ, ինչ տեղի է ունենում դաշնային կառավարությունում: Եթե մեր բնակիչները պետք է վճարեն, նրանք նույնպես ստիպված կլինեն դա անել»,- հայտարարել է Օյսթեր-Բեյի գլխավոր տեսուչ Ջոզեֆ Սալադինոն:
Նա հավելել է, որ առաջարկել է դիվանագետներին ձեռք բերել սեզոնային փաթեթ 60 դոլարով, սակայն դեռ պատասխան չի ստացել: