Սամվել Ալեքսանյանը մենաշնորհի ճանապարհ է հարթում

1.thumb

Սամվել Ալեքսանյանը կարծես թե լրջորեն զբաղվում է դեղագործական ոլորտում իր գերիշխող դիրքն ամրապնդելով: Այսօր տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին: Դեղագործական այս ընկերությանը գնումների բողոքարկման խորհուրդը ՊՆ-ի միջնորդությամբ ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեղորայքի ձեռքբերման հարցման ընթացակարգ է կազմակերպել, ինչին հայտ է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը: Բայց ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը որակվել են հրավերի պահանջներին չհամապատասխանող: Միաժամանակ, անհամապատասխանությունները շտկելու համար «Վագա Ֆարմ»-ին տրամադրվել է ժամկետ: Դրանից հետո «Վագա Ֆարմ»-ը կրկին մերժվել է այն պատճառաբանությամբ, որ կատարված շտկումները ոչ լիարժեք են: Մինչդեռ «Վագա Ֆարմ»-ը պնդում է, որ թույլ չի տվել վերոնշյալ օրենքի խախտում, քանի որ անհամապատասխանություններն ընկերության կողմից շտկվել են:
Այս լուրը չի կարող ուրախություն չպատճառել դեղերի շուկայում առկա մյուս խաղացողներին և հատկապես՝ Սամվել Ալեքսանյանին, ում «Նատալի Ֆարմ»-ը արդեն երկար ժամանակ դեմպինգի է ենթարկում, կամ փորձում է կլանել մյուս խաղացողներին: Սամվել Ալեքսանյանին այն ժամանակ չհաջողվեց կուլ տալ դաշտի խաղացողներից մյուսին՝ Ալֆա-Ֆարմ ընկերությանը: Թերևս Ալեքսանյանի համար հասկանալի է դարձել, որ «Ալֆա ֆարմ»-ի դեպքում ինքն անզոր է, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, «Ալֆա ֆարմ»-ում ներդրումներ ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ այս ընկերությանը կուլ տալ չի հաջողվել: Եթե Ալեքսանյանը փորձի ներքին շուկայում իր ճնշումներն ավելացնել, ապա այն կարող է վերածվել միջազգային սկանդալի: Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ Ալեքսանյանը հրաժարվել է դաշտը մյուս՝ ավելի փոքր խաղացողներից մաքրելու նպատակից:
 
Ավելի քան պարզ է, որ գործ ունենք պատվերի հետ, որն էլ իր հերթին նշանակում է, որ յուրաքանչյուր օլիգարխ կամ պատգամավոր կարող է պետական կառույցի միջոցով լուծել այն խնդիրը՝ կարգով, օրենքով, ինչն անհնար է լուծել բիզնես-մեքենայությունների միջոցով: Այս խնդրի հետ կապված հարցը ոչ թե հաղթողների կամ պարտվողների մասին է, այլ այն, թե ինչպիսին է Հայաստանում բիզնես միջավայրը: Հիշեցնենք նաև, որ հաճախ է գրվում, որ «Նատալի Ֆարմ»-ը ներկրում է ժամկետանց դեղորայք և կենսաբանական հավելումներ, սակայն չգիտես ինչու՝ Սամվել Ալեքսանյանի կազմակերպությանը որևէ կառույց չի ստուգում:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *