Սամվել Ալեքսանյանի օգնության ձեռքը՝ իշխանություններին

timthumb (3)

Վերջին շրջանում «դրայվով» թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Որևէ հստակ բացատրություն, սակայն, մեր երկրի պաշտոնյաների կողմից չի հնչում: Չի արձագանքում ոչ կառավարությունը, ոչ նրա ղեկավարը, ոչ Ազգային ժողովը, ոչ «Շաբոյանի հանձնաժողովը»: Այսօրինակ լռությունը մաֆիայում կոչվում է «օմերտա», այսինքն՝ լռության օրենք կոնկրետ խմբի կանոններով: Իսկ թե «լռության օրենքն» ում շահերից է բխում, միայն կարելի է ենթադրել: Իսկ դա ենթադրել է տալիս, որ թանկացումների ետևում կանգնած են ոչ միայն առանձին օլիգարխներ և օլիգոպոլիաներ, այլև նրանց պետական հովանավորները: Լռության օրենքը վերջերս խախտեց նախագահ Սարգսյանը, իհարկե՝ ելնելով առաջին հերթին իշխանության համար առաջացած սպառնալիքները և վտանգները վերացնելու անհրաժեշտությունից: Նախագահը պատկան մարմիններից պահանջել էր գնաճը զսպելու մեխանիզմներ գտնել: Սարգսյանը նաև կոչ էր արել պայքարել թանկացումների դեմ: Ձևակերպումն էլ է շատ ուշագրավ. պայքարել թանկացումների դեմ: Կարծես թե այդ թանկացումներն իրենք իրենց են տեղի ունենում, կարծես թե գնապիտակներն իրենք իրենց են փոխվում, կարծես թե բենզալցակայանների ու գազալցակայանների սեփականատերերը առավոտյան արթնանում ու զարմանքով նկատում են, որ լցակայաններում գազն ու բենզինը թանկացել են:

Այսինքն, ի սկզբանե իշխանությունները միտված չէին և միտված չեն մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք ոչ թե թակացումների, այլ թանկացնողների դեմը կառնեն: Իսկ թե ինչպիսի մեխանիզմներ կնախընտրի իշխանությունը՝ դժվար չէր կռահել՝ հաշվի առնելով հենց իշխանության օլիգոպոլ բնույթը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր բարի լուր ավետեց բոլորիս: Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Շաբոյանը խոսեց նաև շաքարավազի գնի նվազեցումից, հայտարարելով որ այս լայն սպառման այս ապրանքատեսակի գներն արդեն իսկ նվազել են շուրջ 14 տոկոսով: Տարօրինակ է չէ՞, որ նախագահի խիստ հանձնարարականներից հետո գնանկում է նկատվում հենց այն ապրանքատեսակների մասով, որոնք ներմուծում է ոչ այլ ոք, քան Սամվել Ալեքսանյանը: Ընդ որում՝ նա առաջինն է, ում օգնությանը դիմում է ՀՀԿ-ն: Գուցե գնանկման շղթան ի վերջո բացահայտի այն բոլոր օլիգարխների անունները, ովքեր, ըստ Սերժ Սարգսյանի՝ փորձել են օգտվել առիթից և գերշահույթներ ապահովել այս ընթացքում: Իհա՛րկե, Շաբոյանն ունի իր բացատրությունը, ըստ նրա՝ գների նվազումը պայմանավորված է միջազգային շուկայում գների նվազման հետ: Սակայն գաղտնիք չէ, որ հայաստանյան տնտեսության վրա ազդում է միայն միջազգային շուկայում գրանցվող գնաճը, հակառակ գործընթացը երբևե մեր տնտեսության վրա որևէ կերպ չի արտացոլվել:

Դժվար է պատկերացնել, որ այսքան կարճ ժամանակահատվածում մեր տնտեսության մեջ այդչափ լուրջ որակական փոփոխություններ են կատարվել: Պարզապես ՏՄՊՊՀ-ն այս անգամ էլ քաղաքացիներին մոլորեցնում է գնանկման իրական պատճառների մեջ: Բանն այն է, որ իշխանություններն ընտրեցին գնաճի դեմ պայքարելու ամենահեշտ տարբերակը, այն է՝ լեզու գտնել մի քանի մոնոպոլիստների հետ: Դրանից վերջիններս չեն սննկանա, իսկ իշխանությունը առնվազն մինչև ապրիլ՝ ժամանակ կշահի՝ զսպելով հանրային դժգոհության հասունացող ալիքը, չվերացնելով գնաճի իրական պատճառները: Իսկ քանի որ դրանք չեն վերանալու, նույն այդ օլիգարխները ապրիլից հետո ձգտելու են հետ բերել կորցրածը, իհարկե՝ քաղաքացիների գրպանի հաշվին: Սակայն հոգ չէ, ՏՄՊՊՀ-ն կգտնի արդարացում նաև դրան: Որևէ մեկը կզարմանա՞ , եթե մարտ ամսին միջազգային շուկայում վերոնշյալ և մի շարք այլ՝ լայն սպառման ապրանքների գնաճ նկատվի…

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *