Սամվել Բաբայանը դիմել է Վերաքննիչ՝ պահանջելով արդարացնել իրեն

timthumb (1)

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով այսօր առավոտյան Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:

«Այսօր վերաքննիչ բողոք է բերվել, որպեսզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվի և կայացվի արդարացման դատական ակտ: Քիչ առաջ վերաքննիչ դատարանում կնքեցին դիմումը»,–ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ անպայման պետք է բողոքարկեին:

Հիշեցնենք՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեղադրանքը հաստատված էր համարել և Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Նկատենք, որ մեղադրող դատախազ Արամ Արամյանը դատարանին միջնորդել էր նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման: Սակայն Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը իր պաշտպանական ճառում չէր ընդունել մեղադրանքը, եւ այն համարելով անհիմն՝ պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին:

Հավելենք՝ Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: 

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *