Սաշիկ Սարգսյանի որդու գործը վերաբացվեց. նա 2007-ին հրազենով կրակել է քաղաքացու վրա

timthumb.php

Գլխավոր դատախազի կողմից, նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված, վերաբացվել է դեռեւս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու որոշումը: Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում դատախազության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղեւոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով եւ հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից եւ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։

Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղեւոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության եւ հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Սակայն ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից, իրավիճակը փոխվել է և օրեր առաջ՝ հունիսի 29-ին, Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։

Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել եւ մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղեւոնդյանը, այլեւ Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։

Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա Ղեւոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղեւոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։ Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, եւ ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղեւոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. եւ Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել վարույթը կարճված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցելու մասին:

Նոր երեւան եկած հանգամանքներով հարուցված վարույթի քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին: Քննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված Հ. Ալ.-ի Սարգսյանը Հայկ Ալեքսանդրի Սարգսյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին, իսկ Ն. Սարգսյանը՝ մյուս որդին՝ Նարեկ Սարգսյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *