ՍԱՊԾ պետը հերքում է մարգարինը կարագի տեղ բանակին վաճառելու լուրերը

timthumb

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր՝ 2017թ. ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

Լրագրողների հետ զրույցում՝ Կարապետյանը հերքեց, որ իր ղեկավարած կառույցում աշխատող որևէ պաշտոնյայի ընկերություն ներկրել է մարգարին ու կարագի անվան տակ վաճառել բանակին. «ՍԱՊԾ որևէ պաշտոնյա առնչություն չունի այդ դեպքին: Քանի որ դեպքը հին է ու վերաբերում է մինչ իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, ես այդ դեպքի մանրամասները չգիտեմ, բայց մեծ հաճույքով ձեզ հետ միասին կհետևեմ զարգացումներին: Իրավապահները երբ կտան համապատասխան պարզաբանումներ, մենք էլ մեր կողմից պատրաստ ենք ամեն ինչ անել, որ մեղավորները ենթարկվեն խիստ պատասխանատվության»,-ասաց ՍԱՊԾ պետը:

Հարցին՝ մարգարինը վաճառվե՞լ է որպես կարագ, Կարապետյանը պատասխանեց, որ ինքը հարուցված քրեական գործի մանրամասներին ծանոթ չէ. «Եթե գիտեք դեպք, որ մարգարինը վաճառվել է որպես կարագ, խնդրում եմ ասեք, մենք նման դեպքի մասին չգիտենք»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանի ընկերությունները, որոնք շահել են ՊՆ-ի տենդերը, կարագի անվան տակ մարգարին են մատակարարել բանակին: Նկատենք, որ ՍԱՊԾ-ի փորձաքննական լաբորատորիան դրական եզրակացություն է տվել: Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել:

Նշենք, որ առայժմ ձերբակալված են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի մի քանի պատասխանատու աշխատակիցներ:

Աղբյուրի տվյալներով, այս լաբորատորիան է կեղծել փաստաթղթերը և մարգարինը կարագի տեղ ներկայացրել: Ասում են, թե այն պատկանում է ՍԱՊԾ մի պաշտոնյայի: Ինքը ներկրել, իր լաբորատորիայով հաստատել է, որ բերած մարգարինը կարագ է: Իսկ ՍԱՊԾ–ն ապրանքը փորձաքննության է ուղարկել արտերկրի երեք կենտրոնների, բոլորի պատասխանն էլ նույնն է՝ ապրանքը մարգարին է, ոչ թե կարագ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *