Սարգսյանը խլում է նախաձեռնությունը Կարապետյանից

timthumb (1)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Ռիա Նովոստի գործակալությանը, որտեղ անդրադարձ է կատարել համատեղ մի շարք նախագծերի իրականացմանը՝ հատկապես տնտեսական և ռազմական ոլորտներում ռուս-հայկական համագործակցությանը: Սարգսյանը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան մշակում են համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը. միջոցները կարող են ուղղվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը: Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դրան զուգահեռ՝ Հայաստանում ստեղծվել է ևս երկու ներդրումային ֆոնդ. դրանցից մեկը Համահայկական ներդրումային ֆոնդն է, երկրորդը՝ «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը: «Նոյեմբերի 13-ին այս ֆոնդը Երևանում կազմակերպելու է մեծ շնորհանդես՝ ներդրումային ծրագիր սկսելու մասին (մեկ միլիարդ դոլարից մի փոքր ավելի): Դրանք ներդրումներ են հիմնականում Հայաստանի էներգետիկայի ոլորտում, ինչն իր մեջ ներառում է և՛ Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացումը, նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը, և՛ Schneider Electric հայտնի ընկերության էներգետիկների համար արտադրանքի կազմակերպումը: Եվ ես կարծում եմ, որ այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում:
Ռուս-հայկական համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման մասին հայտարարությունն ունի նաև վառ ընդգծված ներքաղաքական ենթատեքստ: Գաղտնիք չէ, որ տնտեսության մեջ ներդրումների ներգրավման թիվ մեկ պատասխանատուն վարչապետ Կարեն Կարապետյանն է, ում նախաձեռնությամբ էլ հիմնադրվեց Հայաստանի ներդրողների ակումբը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Ներդրումները կապելով ոչ թե Հայաստանի ամբողջական իշխանության, այլ անձամբ վարչապետի անձի հետ՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներն անուղղակի ասում են, որ պատրաստ են կառավարությանն աջակցել միայն այն դեպքում, եթե Կարապետյանը շարունակի այդ պաշտոնում իր գործունեությունը, այսինքն դե յուրե ստանձնի Հայաստանի ղեկավարումը:
Նախկին վարչապետներից ոչ մեկը Ռուսաստանի կողմից նման միանշանակ աջակցություն չի վայելել: Սա ուժեղ խաղաթուղթ է Կարեն Կարապետյանի ձեռքին՝ խանգարելու իրենից «քավության նոխազ» կամ ֆիգուրի անհրաժեշտ զոհ դարձնելու սերժսարգսյանական քայլերը: Հենց այդ խաղաթուղթը Կարապետյանի ձեռքից խլելուն էր միտված Սերժ Սարգսյանի կոնտր-նախաձեռնությունը: Նախագահի և վարչապետի միջև ներդրումների ներգրավման հարցում հեռակա պայքարն ուրվագծվեց այն բանից հետո, երբ Սարգսյանի հովանու ներքո ձևավորվեց Համահայկական ներդրումային ֆոնդը և սկիզբ դրվեց ռուս-հայկական համատեղ ներդրումային ֆոնդին՝ ի հակակշիռ Կարապետյանների Ներդրողների ակումբի: Ուշագրավ է այն փաստը, որ կապիտալը երկու դեպքում էլ ռուսական է, նույնիսկ նույնն է այն ոլորտը, որտեղ նախատեսվում է ներդրում կատարել: Սակայն այստեղ Սարգսյանը խլում է նախաձեռնությունը Կարապետյանից, առաջինը հայտարարելով Հայաստանի ներդրողների ակումբի կողմից նոյեմբերին սպասվող շուրջ մեկ միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի իրականացման մասին:Կարապետյաններին թվում էր, որ ֆինանսական կենտրոնը բավարար է Սերժ Սարգսյանին բռի մեջ պահելու համար: Բայց Սարգսյանը մեծացնում է այդ բուռը՝ համահայկական մասշտաբով, եւ եթե անգամ չի կարողանում դուրս գալ դրանից, ապա մեծացնում է դրա մեջ իր մանևրի հնարավորությունը:
Զուտ ֆինանսական գերակայության դերն էապես նվազում է, հետևաբար, նվազում է նաև Կարապետյանների հնարավորությունը՝ ձեւավորել ներկուսակցական այնպիսի ստատուս-քվո, որը նրանց կտա ՀՀԿ նախագահ փոխելու եւ կուսակցությանը «նոր ոգի» հաղորդելու: Կարապետյանները կբերեն այնքան ներդրում, որ Սերժ Սարգսյանը չունենա դժգոհության հիմք, բայց ոչ այնքան, որ թուլանա ֆինանսական կարիքի ճնշումը, որովհետեւ միայն դա է ստիպելու Սերժ Սարգսյանին հանձնել իշխանությունը Կարապետյաններին:
Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *