Սարգսյանը պահպանեց ամենակարևոր գործիքը

timthumb (17)

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Ներման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքի ընդունումը նոր Սահմանադրության պահանջն է: Նշենք, որ ներկայում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը համաներում հայտարարելու մասին իր առաջարկությունն ուղարկում է ԱԺ նախագահին, որից հետո 24 ժամվա ընթացքում այն ուղարկվում է պետա-իրավական հանձնաժողով, կառավարություն և ապա ընդգրկվում ԱԺ առաջիկա նիստի օրակարգում:

Այսինքն, մինչ այժմ դատապարտյալներին ներում շնորհելու համար իրավական հիմք ծառայել է Հանրապետության Նախագահի՝ 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» հրամանագիրը: Ըստ այդմ՝ դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Գլխավոր դատախազություն կամ Ազգային անվտանգության ծառայություն՝ մեկամսյա ժամկետում եզրակացություն ստանալու համար: Ներման խնդրագրերը նախապես քննարկվում են նաև նախագահին կից ստեղծված հանձնաժողովում:  2015 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում էլ, ճիշտ է, դատապարտյալին ներում շնորհելու իրավունքը Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին է պատկանում, սակայն «Ներման մասին» նոր օրենքի նախագծի օրենսդրական կարգավորումներով՝ իրականում վարչապետի առաջարկությամբ է նախագահը որոշելու՝ դատապարտյալին ներում շնորհե՞լ, թե՞ ոչ:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Ու քանի որ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, փորձ է արվում պետական կառավարման մարմինների գործունեությանն առնչվող ողջ օրենսդրությունը: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին բոլոր ընտրությունների նախաշեմին իշխանությունների օգտին աշխատելու դիմաց բանտերից ազատ արձակվեցին քրեական տարրերը, որոնք տեղամասերի մոտ արդյունավետ կազմակերպում էին ընտրական պրոցեսը: Ամենավերջին և թարմ օրինակը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի կնոջ ազգականի՝ ջրից, այսինքն դատարանից չոր դուրս գալն էր, իսկ վերջինս մեղադրվում էր ոչ ավել, ոչ պակաս՝ կրկնակի քվեարկության մեջ: Այժմ Սերժ Սարգսյանն այս կարևոր գործիքը պահում է իր ձեռքում նաև հաջորդ ընտրությունների ժամանակ անարգել գործածելու նպատակով:

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *