Սարգսյանի համար հետհաշվարկը սկսված է

timthumb

Ցանկացած երկրում նախագահների պաշտոնավարման ավարտին հետահայաց վերլուծություններ ու քննարկումներ են լինում՝ հասկանալու համար արդյունքները, ձեռքբերումները, լուծված կամ չլուծված խնդիրների ծավալը, իրականացված քաղաքականությունը՝ ոչ թե անձերի, այլ՝ երկրի, հասարակության ընդհանուր պատմության մի փուլի վերլուծություն։ Սա կարեւոր մշակույթ է, որը կարող է ծառայել նաեւ որպես որեւէ հասարակության հասունության ցուցանիշներից մեկը։ Կա՞ն արդյոք նման քննարկումներ այսօր, որոնք մեզ թույլ կտային հասկանալ, թե ինչպիսին էր մեր այս ընդհանուր պատմության տասը տարին` անկախ մեր հայացքներից եւ դիրքորոշումներից։ Սովորե՞լ ենք արդյոք լուրջ վերաբերվել մեր պատմությանը։ Սովորե՞լ ենք սառը, ռացիոնալ գնահատականներ տալ, սովորե՞լ ենք ավելի հաշվենկատ ու սթափ նայել մեր նոր պատմությանը։ Գուցե Հայաստանում նման մթնոլորտի բացակայությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Նախագահ Սերժ Սարգսյանը խաղաղ ճանապարհով իշխանությունը պատրաստվում է հանձնել վարչապետ Սերժ Սարգսյանին, եւ քաղաքական համակարգն ու հանրությունը սա համարում են սահուն շարունակություն, այլ ոչ՝ մի փուլի ավարտն ու նորի սկիզբը։ Ինչևէ: Սերժ Սարգսյանի նախագահության երկու շրջանները, հնարավոր է թերեւս իրենց հակասականությամբ ի մի բերել մի բառով՝ Սարգսյանը դիմացավ:
 
Սահմանադրական հանրաքվեի արդյունքում գծվեց Սերժ Սարգսյանի ցանկությանը համապատասխանող ուղին: Նա այժմ որևէ արգելք չունի իր քաղաքական ցանկությունը կյանքի չկոչելու հարցում: Եվ, ուրեմն, կարևոր չէ, թե ինչպիսի արդյունքներ են արձանագրվել Հայաստանում նրա կառավարման տարիների ընթացքում, դժգոհության ինչպիսի ալիք կա հասարակության շրջանում, կարևորը միայն իր ցանկությունն է, նոր սահմանադրությամբ իր «զգեստավորումը»: Գալիք յոթ օրերը ցույց կտան, որքանով է հաջողվել համակարգին և Սարգսյանին մասնավորապես՝ ապահովագրվել հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակներից: Մյուս կարևոր հարցն այն է՝ արդյո՞ք Սարգսյանը պատկերացնում է՝ որտեղից սպասել այդ ֆորս-մաժորը՝ համակարգի, էլիտայի ներսի՞ց ի դեմս Կարեն Կարապետյանի յոթնօրյա կառավարման և դրանից բխող հնարավոր ռիսկերի, թե դրսից՝ ընդդիմությունը արդեն իսկ հայտարարել է ակտիվ, գործնական քայլերի գնալու մասին: Բացի այդ՝ «Երկիր Ծիրանի»-ն հայտարարել է, որ չի բացառում Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլը» նախաձեռնությանը միանալը:Իհարկե, ընդդիմադիր որևէ գործիչ իրեն նեղություն չի տալիս բացատրելու, թե «խորհրդավոր» յոթ օրերին ինչպես է կանխվելու Սարգսյանի՝ դե յուրե վերադարձը՝ իշխանություն:
Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող տարբեր տրամաչափի ընդդիմադիրները չեն ձևակերպում խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի վարչապետության կանխմանն ուղղված գործողությունները նույնիսկ զրկվում են քաղաքական լեգիտիմությունից, որովհետև եթե երկրում չի փոխվում ապրիլի 2-ով հաստատված ստատուս-քվոն, ապա ՀՀԿ առաջնորդի վարչապետությունը նույնիսկ քաղաքական օրինաչափություն է: Միևնույն ժամանակ, Սարգսյանը քաջ գիտակցում է, որ գալիք յոթ օրերի ընթացքում նրա գլխավոր խնդիրն է լինելու մրցակից քաղաքական ուժերի միավորումը կանխելը: Հակառակ պարագայում՝ միակ բանը որ իշխանությունները կարողանալու են հակադրել՝ բռնությունն է: Արդեն իսկ մամուլում ակտիվիստների ձերբակալությունների մասին հրապարակումներ են լինում. դա նշանակում է, որ Սարգսյանն ամեն դեպքում փորձում է գործը չհասցնել լայնածավալ փողոցային պայքարի, բախման՝ քաջ գիտակցելով, որ նոր Մարտի 1 ՀՀԿ չի մարսի…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *