Սարգսյանի վարչապետական վերջնախաղը

timthumb (1)

ԱԺ-ում այսօր հանգուցալուծվեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված գլխավոր ինտրիգը: ԱԺ պատգամավորները 77 կողմ, 17 դեմ ձայնով ՀՀ 15-րդ վարչապետի պաշտոնում ընտրեցին Սերժ Սարգսյանին: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ազատ քվեարկեցին, ԵԼՔ-ը՝ դեմ: Միաձայն կողմ էին միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:
Իրականում, իրադարձությունների այսօրվա սցենարն, ըստ էության, կանխորոշվել է 2016-ի վերջին, երբ Կարեն Կարապետյանը համաձայնեց դառնալ ՀՀԿ առաջին փոխնախագահ` ընդունելով Սերժ Սարգսյանի քաղաքական լիդերությունը, նրա` առաջինը և իր` երկրորդը լինելու ստատուս-քվոն: Այսօր արդեն Սարգսյանը վերադարձրեց իշխանությունը և գլխավոր ռիսկը, որին այսօր կարող է բախվել նորընտիր վարչապետը՝ Երևանի փողոցները ողողած և նրա վարչապետության դեմ պայքարող բազմահազար քաղաքացիների անհնազանդության ակցիաներն են: Ի դեպ, այս ընտրության ֆոնին ակնհայտ դարձան երկու՝ իրար հետ որևէ առնչություն չունեցող իրականությունները: Մի իրականության մեջ դա եռանդով լի երիտասարդությունն է, որը փողոցներ է փակում, երթեր անում. այն երիտասարդությունը, ում իր ամփոփիչ ելույթում Սարգսյանն անվանեց հանգած հրաբուխը կրկին արթնացնել ցանկացող բզբզողներ: Հասկանալի է, որ նորընտիր վարչապետը նկատի ուներ Փաշինյանին և հրապարակում հավաքված մյուս քաղաքական ուժերին, սակայն այս պայքարի էությունը հենց դրանում է, որ լոկոմոտիվը ոչ թե անհատներն են, այլ ողջ հասարակությունը: Մյուս իրականության մեջ այս ամենին անհաղորդ, երկրից ու իրականությունից փշալարերի հետեւում նիստ անող մեռյալ դեմքեր են, որոնք կամ քծնում են Սերժ Սարգսյանին, կամ փորձում նրան համոզել, որ մի քիչ էլ ժողովրդի մասին մտածի…
Հատուկ ուշադրության է արժանի վարչապետի ընտրության քվեարկության խճանկարը: Իրականում ամեն ինչ այնպես էր, ինչպես և կանխատեսում էին բազմաթիվ վերլուծաբաններ: Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը քվեարկել են՝ հետապնդելով իրենց նպատակները: ՀՀԿ-ՀՅԴ տանդեմի մասով ամեն ինչ պարզ է. դաշնակցականները անգամ չցանկացան վերհիշել մեկ տարի առաջ Արմեն Ռուստամյանի արած հայտարարության մասին: Հիշեցնենք՝ Ռուստամյանը այն ժամանակ պնդում էր, որ երկրում միակ քաղբանտարյկալները իրենք են եղել: Այս խոսքերը վերհիշելու առիթ դաշնակցականները ունեին,քանի որ վարչապետի պաշտոնը ստանձնող Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում երբեք չեն եղել և չկան քաղաքական հայացքների համար բանտարկված անձինք: Ինչևէ՝ ՀՅԴ ապագա կոալիցիայում իր տեղը ապահովելու խնդիր ունի և այս քաղաքական ուժի պահվածքը , եթե ընդունելի չէ, ապա առնվազն հասկանալի է: ԵԼՔ-ի քվեարկությունը նույնպես տրամաբանական էր այն առումով, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ ինչպիսին իրեն հորջորջում է դաշինքը այլ կերպ քվեարկել պարզապես չէր կարող: Մարուքյանի աստղային ժամը պայմանավորված էր հրապարակ չգնալը և փշալարարերից այն կողմ Փաշինյանին չաջակցելը ինչ-որ կերպ արդարացնելու ցանկությամբ: Մյուս կողմից հասկանալի է՝ որքան բուռն է ընդդիմության Ինչ վերաբերվում է ընդդիմադիր մյուս ուժին՝ Ծառուկյան դաշինքին, ապա քվեարկությունից օրեր առաջ արդեն իսկ պարզ էր, որ դաշինքում ազատ քվեարկելու որոշում է կայացվել: Եթե դաշինքը կողմ քվեարկեր, ապա կառաջանար քաղաքագիտական կոնֆուզ՝ Ծառուկյան դաշինքը խորհրդարանում իրեն հայտարարել է ընդդիմություն, բայց ինչպե՞ս կարող է ընդդիմությունը քվեարկել մեծամասնության թեկնածուի կողմ, եթե խնդիրը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի մասին է: Դաշինքում թերևս կայացրել են ստեղծված իրավիճակից բխող՝ իրենց համար օպտիմալ որոշումը: Սերժ Սարգսյանին առայժմ բավարարում է «Ծառուկյան» ընդդիմությունը և այդ իմաստով՝ նա չունի ստատուս-քվո փոխելու պլաններ և նպատակահարմարություն, առնվազն մինչև 2022 թվականը:
Այս պահին գլխավոր հարցը թերևս հետևյալն է՝ ի՞նչ նոր ծրագրով կամ առաքելությամբ է նոր իշխանություն ձևավորելու Սերժ Սարգսյանը, որովհետև նույնիսկ անփոխարինելիության դատապարտելի բանաձևը պետք է ունենա կոնկրետ քաղաքական բովանդակություն, ծրագիր: Այս հարցի պատասխանը մենք չենք լսում, ինչը ծնում է քաղաքական անհամարժեքություն, որովհետև փաստացի ինստիտուցիոնալիզացվում է ոչ թե խորհրդարանական կառավարումը, այլ, ըստ էության, ավտորիտար մտածողությունը, երբ պետական և քաղաքական համակարգերը ադապտացվում են ոչ թե Սահմանադրությանը, այլ մեկ մարդու իշխանությանը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *