Սարի թաղում Լյովա Երանոսյանը հրահանգեց կրակել, անգամ ուղղություն էր ցույց տալիս, թե ում կրակեն. Դավիթ Սանասարյան

Ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանում լյուստրացիա տեղի ունեցավ: Քաղաքական ուժերի մի մասն ուղղակի կորեցին, չգիտենք` որ անկյունում էին, քաղաքացիները փողոցում էին` ոստիկանների հետ դեմ դիմաց, իսկ մյուս կողմում` «Սասնա ծռեր»-ն էին, որոնք քաղաքական նոր իրավիճակ ստեղծեցին։ Անդրադառնալով վերջին մեկ ամսում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին’ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հնչեցրեց Դավիթ Սանասարյանը։

«Խորենացիի դեպքերի առաջին օրերին իշխանությունները կորած էին, երկրի նախագահի աթոռը զբաղեցրած մարդն ուղղակի չկար։ Ոչ մի երկրում նման իրավիճակ չի լինում, որ այդպիսի դեպքերում իշխանությունները լռեն։ Փոխարենը նրանք այնպես արեցին, որ մենք այսօր ունենք քաղբանտարկյալներ իբր զանգվածային անկարգություններ կատարելու համար»,- ասաց Սանասարյանը։

Անդրադառնալով Սարի թաղում տեղի ունեցած բախմանը և իրենց ձերբակալությանը, նշեց. «Մենք հասանք այնտեղ և իմ գործընկերների հետ միասին փորձեցինք ոստիկանների հետ բանակցություններ տանել, որպեսզի ուժ չկիրառեին, քանի որ մենք պարզապես ուզում էինք ողջունել «Սասնա ծռեր»-ին։ Մեզ տեղեկություններ հասավ, որ ներսում կրակահերթեր են եղել։ Մենք փորձում էինք հասկանալ՝ ինչո՞ւ չի կարելի ներքև իջնել։ Իշխանությունները հասկանում էին դրա վտանգավորությունն իրենց համար և կրակելու էին խաղաղ ցուցարարների վրա։ Ամեն դեպքում մարդկանց փորձեցինք համոզել, իսկ ավելի ռադիկալներին փորձեցինք հասկացնել, որ պետք է մնանք այստեղ և մեր ներկայությամբ ազդենք ներսում կատարվող գործողությունների վրա։ Այդ ընթացքում ներքևից քարերով խփում էին մարդկանց։ Մոտեցա Երևանի ոստիկանապետին ու ասացի՝ ներքևից քարեր են գալիս մեզ վրա, որին ի պատասխան ասաց` «հիմա կկարգավորեմ»։ Այսինքն՝ իրենք գիտեին, որ քարեր են նետելու։ Դրանք անում էին քաղաքացիական հագուստով ոստիկանները։ Եվ հենց այդ պահին տեղի ունեցավ ձերբակալությունները։ Արմեն Մարտիրոսյանին ևս ձերբակալեցին։ Դրանից հետո Լյովա Երանոսյանը հրահանգեց կրակել, անգամ ուղղություն էր ցույց տալիս, թե ում ուղղությամբ կրակեն։ Այնուհետև, քաղաքացիական հագուստով ոստիկանները սկսեցին հայհոյելով հարձակվել մարդկանց վրա։ Ես նման բան չէի տեսել։ Ու դեռ մեզ ասում են զանգվածային անկարգություններ։ Մեր ծնողներն այնտեղ մենք զանգվածային անկարգություննե՞ր ենք անում»։ 

Ասուլիսին ներկա Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգներ և ցույց տար, որ ինքն է որոշողը.

«Այդ գործում քաղաքական ուժերի գործը պետք է լիներ այն, որ ժողովրդին դուրս բերեր փողոց և կանխեր արյունահեղությունը։ «Սասնա ծռերը» քաղաքական գործունեության բոլոր ձևերը սպառել էին, դրա համար գնացին այդ քայլին։ Ժողովուրդն էլ պետք է կանգներ նրանց կողքին։ Սարի թաղ գնալու նպատակն էլ արյունահեղությունը կանխելն էր, քանի որ նախորդ օրերին արդեն իսկ սկսվել էր արյունահեղությունը, խմբի տղաներից օրը մեկին վիրավորում էին»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *