Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ. քաղաքագետ

timthumb (3)

Արդեն երկու օր է` Ուկրաինայում ցույցեր, բախումներ են իրավապահների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև: Նշենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) աշխատակիցները ներխուժել էին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և ուկրաինական ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի տուն և խուզարկություն իրականացրել: Քաղաքական առաջնորդն էլ բարձրացել էր Կիևում ութհարկանի շենքի տանիքը և սպառնում էր ցած նետվել: Թեև, ի վերջո՝ իրավապահներին հաջողվեց Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալել, սակայն ցուցարարները վերջինիս ազատեցին ոստիկանական մեքենայից: Նշենք, որ իրավապահների և ցուցարարների միջև բախում է տեղի ուենցել նաև այսօր՝ վաղ առավոտյան:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն, անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող այս իրադարձություններին, ժողովրդի գործելաոճը որակեց որպես ռեֆորմներից հիասթափության դրսևորում, քանի որ մարդկանց սպասելիքներն ու իրողությունն իրար հետ չհամընկան: «Նոր իշխանությունները հապաղում, դանդաղում են ռեֆորմների հարցում, ինչը զայրույթ առաջացրեց հասարակության շրջանում:  Այն ճանապարհը, որով հիմա փորձում են ինչ-որ խնդիր լուծել, ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Մյուս կողմից էլ այս պայքարը խթան է, որպեսզի, այնուամենայնիվ, իշխանությունն իր քայլերն ավելի արագացնի ու ավելի նպատակային անի»,- նշեց քաղաքագետը:

ruben mehrabyan

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Ուկրաինայում նոր «մայդան» է հասունանում, քաղաքագետը պատասխանեց.

«Ճիշտ է, «մայդանը» ուկրաինական քաղաքական խորդրդանիշ է, բայց դա չի նշանակում, որ ամեն դժգոհութոյւն պետք է «մայդան» կոչել և չի նշանակում, որ Ուկրաինայում հարցերը լուծում են միայն մայդանների միջոցով. դա այդպես չէ: 

«Մայդանն» ուներ հստակ արժեհամակարգ. այն միջին խավի ընդվզում էր, իսկ այս պարագայում մենք նման բան չենք տեսնում»,- ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, որ երկրորդ Մայդան չի կարող լինել, քանի որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, «մայդանի» հետ որևէ կապ չունի:

Այնուամենայնիվ, մարդիկ դեմ էին դուրս եկել իշխանություններին և կանգնել էին իրավապահների առաջ՝ դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքագետը նշեց, որ դրանք ընդամենը դժգոհություններ են, այլ ոչ ինչ-որ բան կառուցելու միտված գործողություններ:

Անդրադառնալով Սաակաշվիլիի պահվածքին, քաղաքագետը նկատեց, որ նա հմուտ քաղաքական գործիչ է և արել է այն, ինչը տվյալ պահին նպատակահարմար է գտել. «Այլ հարց է՝ որքանով է ճիշտ կամ սխալ արել Ուկրաինայի շահերից ելնելով, բայց, այնուամենայնիվ, նրա վարքը պայմանավորված է քաղաքական գործչի մտածողությամբ»:

Քաղաքագետի կարծիքով՝ այս իրավիճակից ելքը լինելու է այն, որ այս ալիքը մարելու է և իշխանությունն էլ ստիպված է լինելու արագացնելու ռեֆորմները, որպեսզի ժողովրդին զեկուցելու բան ունենա: Հակառակ դեպքում՝ մարդիկ գնան այլ քայլերի, որոնք իհարկե լինելու են ոչ պոպուլյար, բայց՝ այլ տարբերակ չկա:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *