Սա մեկ քայլ նահանջ է. Երևանի մամուլի ակումբի նախագահ

timthumb

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել գործադիրի գործունեության մեջ և այսուհետ Կառավարության նիստերը վարել դռնփակ, մեկ քայլ նահանջ է։ Սա բացասաբար կազդի Կառավարության գործունեության թափանցիկության վրա»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Վերջինիս խոսքով՝ Կառավարությունը ճիշտ կաներ՝ հաշվետվողականության սահմանափակման վերաբերյալ այս նախագծից առաջ մեխանիզմներ մշակեր, որով իր կատարած աշխատանքը բաց և թափանցիկ կդարձներ լրատվամիջոցների համար։

«Միայն մեկ նախադասությամբ ասացին, որ կառաջարկեն որոշակի մեխանիզմներ, բայց քանի դեռ չգիտենք՝ ինչ մեխանիզմ է առաջարկվելու, հանգիստ չենք կարող լինել։ Կառավարությունը պետք է փոխհատուցող մեխանիզմների մասին մտածեր, նոր մշակեր իր գործունեության թափանցիկությունը սահմանափակող դրույթներ»։

Դիտարկմանը՝ Կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ դռնբաց նիստերի ժամանակ իրենք հնարավորություն չունեն իրար հետ ակտիվ երկխոսություն ծավալել, կամ քննադատել այս կամ այն նախագիծը, Բորիս Նավասարդյանը արձագանքեց․ «Կառավարության նիստում հո անձնական հարցեր կամ մասնավոր կյանքին վերաբերող հարցե՞ր չեն քննարկվում, որ մի հատ էլ դռնփակ նիստ անեն, այնտեղ հանրության համար կարևոր հարցեր են քննարկվում, և, հետևաբար, հանրությունը պետք է կարողանա հետևել նիստում ծավալվող քննարկումներին»,-ասաց նա՝ հավելելով, որ դռնբաց նիստի կարգից դռնփակին անցնելը պետք է լուրջ հիմնավորում ունենար, ինչը դեռևս չկա։

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը։ Սահմանված կարգով այն կներկայացվի Ազգային ժողով:

Նշենք, որ ըստ նախագծի՝ կառավարության ղեկավարն է միայն իրավասու փոխել նիստի անցկացման կարգը և այն անցկացնել դռնբաց ռեժիմում։ Հավելենք նաև, որ կառավարության անդամներն այսուհետ իրավունք չեն ունենա առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել որևէ հարցի քննարկման մասին:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *