Սա 2-րդ լուրջ բացթողումն է. Արդարադատության նախարարը լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ

timthumb (7)

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լավ երեկո» հաղորդման՝ մարտի 8-ին նվիրված ռեպորտաժին, որը նկարահանվել էր «Աբովյան» ՔԿՀ-ում՝ նշեց, որ անթույլատրելի է, երբ ծաղրում են անազատության մեջ գտնվող կանանց։

Դիտարկմանը՝ երբ ինքը 2000-ականների սկզբին Արդարադատության նախարար էր, այն ժամանակ ՔԿՀ-ներ մուտքը համեմատաբար ազատ էր, 3 օրվա ընթացքում լրագրողները թույլտվություն էին ստանում՝ գնալու և  լուսաբանելու կալանավորների կյանքը, ի՞նչ է փոխվել, հիմա ինչու են խոչընդոտներ ստեղծվում լրագրողների համար, նախարարը պատասխանեց.

«Այն ժամանակ սահմանափակ էր այն անձնանց թիվը, ովքեր ներկայանում էին լրագրող, այն ժամանակ գործում էր այլ կանոնակարգ։ Այսօր յուրաքանչյուր անձ իր կրծքից կախում է բեյջ, օրինակ՝ անունը դնում elak.am կայքի լրագրող, ներկայանում է և ասում՝ խնդրում եմ թույլ տվեք ես մուտք գործեմ ՔԿՀ։ Իսկ ՔԿՀ-ն հանգստյան վայր չէ, կալանավայր է, հատուկ ռեժիմային գոտի, և պահանջում է նաև հատուկ վերաբերմունք»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ թույլ տվեցին Հանրային հեռուստաընկերության լրագրողին մուտք գործել ՔԿՀ և ծաղրել դատապարտված կանանց, նախարարը նշեց, որ իր համար դա անթույլատրելի է և մտահոգված է այդ դեպքով.

«Շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք»,- ընդգծեց Հարությունյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *