Սերժ Թանկյանի ահազանգը և փորձագետի պարզաբանումը. ինչ է Monsanto-ն

timthumb (14)

Աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել՝ կոչ անելով Հայաստանին ու դրա բնակիչներին հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից:

Թանկյանի խոսքով՝ կան բազմաթիվ ապացույցներ առ այն, որ Monsanto-ի հեղուկացիրները թունավորում են շրջակա միջավայրը:

«Նրանց՝ գենետիկորեն ձևափոխված արտադրանքը վերջ է տալիս մաքուր, օրգանական սննդին: Դրանք վնասակար են ձեր առողջության համար ու ահավոր համ ունեն: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում Monsanto-ն իր գործելաոճի համար հայտնի է որպես «չարիքի կորպորացիա»: Երբ ես այստեղ եմ՝ Հայաստանում, կծում եմ խնձորն ու զգում, որ այն մաքուր է, խրթխրթան ու համեղ: Խնդրում եմ, թույլ տվեք, որպեսզի դա այդպես էլ մնա: Monsanto-ի պատճառով ես այսպիսի խնձորներ չեմ կարողանում գտնել ԱՄՆ-ում»,- գրել է Թանկյանը:

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը այս ամենի հետ կապված մասնագիտական կարծիք ստանալու համար զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

Փորձագետը կարծում է, որ մեր երկրում ԳՄՕ-ի վերաբերյալ անհանգստության բազմաթիվ պատճառներ ունենք, բայց ցավոք սրտի պետական մակարդակով աշխատանք չի իրականացվում․ «Գյուղատնտեսության նախարարությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բացի ոչինչ չասող հայտարարություններից առարկայական գործողություն չեն անում։ Ելնելով մեր երկրում առկա իրավիճակից՝ հայտարարությունն առնվազն պետք է դիտարկել ահազանգի լուրջ հիմք և խորը վերլուծության ենթարկել։

Քանի դեռ լիազոր մարմինները հավուր պատշաճի տեղեկատվությունը չեն պարզաբանել, ապա որպես փաստ պետք է ընդունել առկա հայտարարությունը»,- ասաց Պիպոյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում ԳՄՕ-ի հետ կապված մոնիտորինգներ չեն իրականացվում, իսկ ձևի համար եղած մի քանի լաբորատոր եզրակացությունը որևէ ընդհանրական պատկեր չի կարող տալ։

«Կոնկրետ Monsanto ընկերության մասին ամբողջական տեղեկություն չունեմ։ Սակայն, քանի որ այս պահին տեղեկատվական դաշտում կա նման ինֆորմացիա, ապա այն ճշգրտման ենթակա է, հետևաբար պետք է ուսումնասիրություններ անցկացնել»,- ասաց նա։

Նշենք, որ ընկերությունը բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այն արտադրում է գյուղատնտեսական նշանակության ապրանքներ՝ եգիպտացորենի, սոյայի, բամբակի՝ գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, դուստ թունաքիմիկատներ, ինչպես նաև աշխարհում ամենատարածված հերբիցիդը՝ «Ռաունդափը»-ը:

Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել էր Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին ուղղված բիզնես համաժողով, որի նպատակն էր գործարար կապեր ստեղծել այդ ոլորտում ներկայացված հայկական և ամերիկյան Valmont, Monsanto ընկերությունների միջև:

Նշվում է, որ համաժողովին ներկա են եղել Monsanto-ի ներկայացուցիչները, որոնք ցույց են տվել իրենց արտադրանքն ու պատմել մատուցվող ծառայությունների մասին: Բացի այդ, նրանք հետաքրքրվել են Հայաստանում բիզնես ծավալելու հնարավությունների մասին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *