Սերժ Սարգսյանը ադրբեջանցի պատվիրակին հորդորեց հանգստանալ և չխեղաթյուրել իր խոսքերը

timthumb (1)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում իրեն հարց հղող ադրբեջանցի պատվիրակին հորդորեց մի փոքր հանդարտ լինել և չխեղաթյուրել իր խոսքերը։

«Խնդրում եմ նաև իմ խոսքերը չխեղաթյուրել, ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել»,- ասաց ՀՀ նախագահը՝ ավելացնելով, որ ինքը մասնակից է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին։

«Իսկ թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի հանրապետության նախագահ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ես շատ ափսոսում եմ. ցեղասպանություն տանելը պատիվ չէ, տանջանք է, և ես կարծում եմ՝ Ադրբեջանում միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ որ ունեն հայերը: Եվ ինչո՞ւ է ձեզ պետք անվանել մի բան ցեղասպանություն, որը չի եղել հայերի կողմից»,- նշեց ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանը ադրբեջանցի պատվիրակին խորհուրդ տվեց որևէ թեմայի մեջ ընկղմվելիս, իրոք ընկղմվել և ուսումնասիրել. «Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին. 1993 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է չորս բանաձևեր Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման մասին և ամեն բանաձևերից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, բայց ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ», — ասաց Ս. Սարգսյանը։

ՀՀ նախագահն ասաց, որ բանակցային գործընթացում Ադրբեջանն առավելագույնն ու անհնարինն է ուզում։

«Ադրբեջանը չի դադարեցնում ռազմական գործողությունները: Դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը, ցավոք սրտի, այլատյացությունը Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է. դա պայքար է ազատության, ինքնորոշման համար ու այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ, ես համոզված եմ», — նշեց ՀՀ նախագահը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *