Սերժ Սարգսյանը ժամանակ է ձգում 2018-ին ընդառաջ

timthumb (5)

 

Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով գտնվում է  Բելգիայի Թագավորությունում՝ մասնակցելու Բրյուսելում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Սարգսյանի այս այցի մասին նախապես ոչինչ չէր հաղորդվել:

Ճիշտ է, նախագահի աշխատակազմը միշտ չէ, որ օպերատիվ է աշխատում, բայց, օրինակ, փետրվարին Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել սպասվող այցի մասին հայտնեց դրանից երկու օր առաջ: Ինչո՞ւ է Հայաստանի նախագահը մեկնել Եվրամիության մայրաքաղաք, այն էլ՝ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած ԵՄ-ՀՀ «փոխհրաձգության» ֆոնին: Այս հարցին կարող է լինել մի քանի պատասխան՝ նախագահը մեկնել է Բրյուսել այդ փոխհրաձգությունը էլ ավելի բարձր մակարդակում շարունակելու համար, հնարավոր է նաև հակառակը՝ Սերժ Սարգսյանը ցանկանում է հարթել ստեղծված լարվածությունը և հենց դրանով է պայմանավորված նախագահի անսպասելի այցը Բելգիա: Սարգսյանը վերջին անգամ Բրյուսելում էր խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ՝ փետրվարի 26-28-ը, և այդ ընթացքում էլ հայտարարվեց, որ Հայաստանի ու Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունն ավարտվել է: Դրանից հետո Երևանում, արդեն նախընտրական քարոզարշավի ընթացքում, համաձայնագիրը նախաստորագրվեց: Նախաստորագրմանը հաջորդեցին ընտրությունները, որոնք ընդհանուր առմամբ դրական գնահատականի արժանացան ԵՄ պատվիրակության կողմից: Եվ անմիջապես դրանց հնչեցումից հետո տեղի ունեցան փոփոխություններ՝ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետների մեջ: Մինչ այդ՝ հայտարարվում էր, որ համաձայնագրի ստորագրումը սպասվում է մայիսին, սակայն դրանից հետո պարզվեց, որ այն կստորագրվի նոյեմբերին: Իսկ թե ինչու մայիսը դարձավ նոյեմբեր, ակնհայտ է. իշխանությունները ստացել էին ԵՄ-ին իրենց համար ցանկալի գնահատականները, ընտրությունները, ըստ այդմ, անցկացրել էին անցնցում և անաղմուկ, իսկ այժմ կարելի էր հղում կատարելով տեխնիկական բարդությունների վրա, ժամկետները հետաձգել՝ ժամանակ շահելու նպատակով:

ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտն ու սպասվելիք համաձայնագրի ստորագրումը կախված է ոչ այնքան բանակցությունների ընթացքից, որքան հարակից խնդիրների կարգավորումից։ Չէ՞ որ ՀՀ-ն ու ԵՄ-ն ավելի վաղ՝ շատ ավելի լուրջ ու ծավալուն փաստաթղթի շուրջ էին բանակցել ու ավարտին հասցրել, սպասվելիք համաձայնագիրը որևէ նոր պարտավորություն, հանձնառություն չի ընդգրկելու։ Ըստ էության, կողմերն այսօր օպտիմալացնում են նախորդ համաձայնագիրը ներկա իրողություններին։ Սա հնարավորության դեպքում կարելի էր կազմակերպել չափազանց սեղմ ժամկետներում։ Սակայն այս կետում են կուտակվել ինչպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրները, այնպես էլ՝ խնդիրները ԵՄ-ում, Հայաստանում և հայ-ռուսական հարաբերություններում: Այսինքն, մենք բարդ գործընթացում ենք, որը միայն ՀՀ-ից ու ԵՄ-ից չէ կախված, այլ բազում գործոններից: Մեկ բան ակնհայտ է. Սարգսյանի համար վերջին սկանդալը միջոց է Եվրամիության հետ իր քաղաքական ապագայի հարցերը քննարկելու և իր համար ցանկալի ընթացք ապահովելու համար: Չի բացառվում, որ Սարգսյանի նվազագույն ծրագիրն այդ ակտը նոյեմբերից մարտ տեղափոխելն է, այսպես ասած՝ գինը բարձրացնելու համար. որքան մոտ լինի այն 2018-ի ապրիլին, այնքան գուցե Սարգսյանն ակնկալում է Եվրամիությունից ստորագրության դիմաց ստանալ քաղաքական ծրագրի բարձր աջակցություն:

 Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *