Սերժ Սարգսյանը կտրորի՞ «խոշորների» ոտքը

timthumb (4)

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: Հանդիպման սկզբում Սարգսյանը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին, որի վերաբերյալ նոր օրենքն արդեն ընդունվել է, փոխվել են հանձնաժողովի կարգավիճակն ու դրա անդամներին ներկայացվող պահանջները:
Գաղտնիք չէ, որ ՀԾԿՀ-ն գործում է մի ոլորտում, որտեղ խոշոր կապիտալն է, իսկ հանրության ուշադրությունը ամբողջովին կլանում երկու՝ գազի ու էլեյկտրանէրգիայի ոլորտում գների ձևավորման մեխանիզմի արդարացիությունը ու էֆեկտիվությունը, նաեւ սպառողների շահերի պաշտպանությունը մատուցվող ծառայությունների եւ ապրանքի որակի տեսանկյունից:
Այս առումով հանրությունը դժգոհելու տեղ, իհարկե, ունի: Սակայն, դժգոհելու տեղ ունի նաև կառավարությունը, որը ստիպված եղավ կրկին դիմել սուբսիդիաների օգնությանը, երբ ամիսներ առաջ նույն ՀԾԿՀ որոշում կայացրեց բավարարել «Վեոլիա Ջրի» ՝ խմելու ջուրը 14 դրամով թանկացնելու հայտը:
Բացի այդ, պարբերաբար հայտնվելով հասարակության քննադատության թիրախում ՀԾԿՀ լուրջ հարված է հասցնում ոչ միայն կառավարության գրպանին, այլ նաև՝ իմիջին:
Սերժ Սարգսյանի «կոչ-պահանջը» ՀԾԿՀ-ին ենթադրում է այնպիսի զարգացումներ, որոնց դեպքում էականորեն ընդլայնվում է կառույցի անկախությունը՝ Հայաստանի տնտեսա-քաղաքական դաշտում խոշոր խաղացողների գործունեության կարգավորում ներառող ոլորտում:
Այլ հարց է՝ ովքեր են այդ կոչ-պահանջի իրական «սպառողները»: Չի բացառվում, որ Սարգսյանը, իրոք, որոշել է գնալ ռիսկի և փոխել խաղի կանոնները «խոշորների» համար: ՀԾԿՀ ղեկավարի հետ հանդիպումը տվյալ համատեքստում մեսիջ էր հենց վերջիններիս, օրինակ՝ նույն ՀԷՑ-ին կամ Գազպրոմին, և հուշում էր , որ ապրիլից հետո խաղի գործող կանոնները էական փոփոխությունների կենթարկվեն, իսկ ՀԾԿՀ կդառնա Սարգսյանի գլխավոր տնտեսական «մահակը»՝ մի կողմից պաշտպանելով հանրության, սպառողի շահերը, մյուս կողմից վերահսկելով և կարգավորելով խոշոր կապիտալը:
Միևնույն ժամանակ չմոռանանք, թե ովքեր են կանգնած նույն ՀԷՑ-ի և Գազպրոմի թիկունքում: Որքան էլ որ ցավալի է, սա Հայաստանն է, որտեղ իշխանության հենքը ոչ թե հանրությունն է, այլ հենց կապիտալը: Եվ համաձայնեք, դժվար է պատկերացնել որ իշխանությունները ինքնամոռաց պատրաստվում են կտրել այն ճյուղը որի վրա այսօր հարմարավետորեն բազմած են: Հատկապես, որ հայաստանյան իշխանությունները քաղաքական ինքնասպանության մոլուցքով երբեք էլ չեն տառապել:
Չի բացառվում, որ Սարգսյանի հանդիպումը Նազարյանի ղեկավարած կառույցի անդամների հետ հերթական «մինի ներկայացումն» է, որը փորձում են հրամցնել հանրությանը, հատկապես վերջին շրջանում հանձնաժողովի հասցեին հնչող տարաբնույթ քննադատությունների և մեղադրանքների , ինչպես նաև կանգ չառնող գնաճի ֆոնին, որը  ասոցացվում է այդ թվում՝  ՀԾԿՀ ոչ արդյունավետ աշխատանքի հետ:
Այն որ իրականում փոփոխություններ ակնկալել պետք չէ, հուշում է նաև Սարգսյանի ՝ Նազարյանին ուղղված մեկ այլ հանձնարարականը:
Նախագահը պահանջել է որպեսզի մշակվեն մեխանիզմներ, որով սպառողները անմիջականորեն կներգրավվեն կարգավորման գործընթացի մեջ: Թվում է, թե միանգամայն ողջունելի մտադրություն է: Սակայն, իրականում, այստեղ կան բազմաթիվ չերևացող ականներ: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն այդ մեխանիզմները, դրանց կիրառումը հանգեցնելու է նրան, որ ակամայից լեգիտիմություն է հաղորդվելու թե՛ հանձնաժողովին, թե՛ այն խոշոր սուբյեկտներին և նրանց գործունեությունը, որոնք ենթակա են լինելու կարգավորման: Բացի այդ, ներգրավելով հանրությանը, օգտագործելով հանրային գործոնը, Հանձնաժողովը էլ ավելի ամուր թիկունք կարող է դառնալ վերոնշյալ «խոշորների» համար:
Հաշվի առնելով հայաստանյան տնտեսա-քաղաքական իրականությունը՝ իրադարձությունների զարգացման երկրորդ տարբերակը, ինչ խոսք,  առավել իրատեսական է թվում…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *