Սերժ Սարգսյանը հայկական ավիացիայի վերջին ուղևորն է

timthumb (7)

Ազգային ժողովում այսօր պատգամավորներն անդրադարձան Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններից իրականացվող չվերթների համար սահմանված բարձր գներին: Մասնավորապես, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը հայտարարեց, որ մեր ավիաուղիների գները թանկ են, քանի որ առկա է երեք պատճառ. «Առաջինն օդի հարկն է, որը չունի Վրաստանը, մենք ունենք: Երկրորդն ավիավառելիքի գներն են, երրորդը՝ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման բարձր գները: Այս ուղղություններով, կարծում եմ՝ պետք է աշխատանք տարվի»:

Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ անգամ օդի հարկի պարագայում՝ Թբիլիսի-Մոսկվա թռիչքները շուրջ 20 դոլարով թանկ են, քան Երևան-Մոսկվա թռիչքները. «Սա նշանակում է, որ այստեղ օդի հարկը նշանակություն չունի: Իսկ Գյումրիում ընդհանրապես օդի հարկ չկա: Ինչ վերաբերում է վառելիքի գնին, մենք առնում ենք այն Իրանից, Բուլղարիայից, Ռումինիայից և այլ տեղերից: Վառելիքի գնային միակ տարբերությունը տրանսպորտային ծախսերն են, դրանք հնարավոր չէ չեղարկել, քանի որ այն պետք է Վրաստանով հասնի Հայաստան: Իսկ ինչ վերաբերում է օդանավակայանի սպասարկման գներին, ապա դրանք էլ տարբեր են»:

Վաչե Գաբրիելյանի պատասխանից հետո արձագանքեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, ով նշեց, որ Վրաստանն ունի ազգային փոխադրող.«2013-ին Հայաստանը հայտարարեց բաց երկնքի քաղաքականություն, այս 4 տարիների ընթացքում մենք ի՞նչ ենք ստացել ավիացիայի շուկայում»:

Վաչե Գաբրիելյանը հավելեց, որ հայտարարված բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի թռիչքներ, իսկ մեզ մոտ այս տարի տեղի է ունեցել գների իջեցում, թռիչքների քանակի անհամեմատ մեծացում:

Պատգամավորը շարունակեց պնդել, որ հատկապես «պիկ սեզոնին»՝ ՀՀ-ից բազմաթիվ ուղեւորներ, միևնույնն է՝ գնում են Վրաստանից այլ երկիր թռչելու. «Բոլոր փորձագետներն ասում են, որ «Արմենիա»-ն ապագա չունի, որովհետև Մոսկվա չեն թռչում: Ըստ էության՝ վարչական որոշումներով՝ հայկական ավիաընկերության գործունեությունը կասեցվել է, և բոլորս տեղյակ ենք, թե Արմավիայի հետ ինչ եղավ։ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Երևան-Ստեփանակերտի առաջին ուղևորն է լինելու, բայց ստացվել է, որ նա նաև հայկական ավիացիայի վերջին ուղևորն է, որովհետև նրա ուղղաթիռն է միայն, որ հայկական ավիաուղու ատրիբուտիկան կրում է»,-խոսքը եզրափակեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այս ամենին զուգահեռ՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ստորագրահավաք է սկսել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղություններով ուղիղ թռիչքներ իրականացնելու պահանջով: Այս մասին նշված է հանձնախմբի պաշտոնական կայքում:

Ստորագրահավաքի նախաձեռնողները պահանջում են ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլին Չաոյից և նահանգի կոնգրեսականներից՝ աշխատել ավիաընկերությունների հետ՝ նշված ուղղություններով չվերթներ իրականացնելու համար:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *