Սերժ Սարգսյանի ակնարկը՝ կառավարությանը

timthumb (9)

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները: Հանրապետության Նախագահը հանձնարարել է՝ շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը՝ հիմնականում կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտելու համար ռիսկային տնտեսվարողներին: Հասկանալի է, որ նման հանձնարարականը հենց այնպես չեն տալիս, ինչը նախ և առաջ պիտի նշանակի, որ երկրի ղեկավարին հայտնի են գործարարներին և նրանց բիզնեսի կայացմանը միջամտելու դեպքեր, որոնց հեղինակը հենց ՊԵԿ-ն է:
Սերժ Սարգսյանը թերևս տվել է իր վարչապետական առաջին հանձանարարականը գործարարներին: Ըստ էության՝ նա հասկացրել է, որ 2018-ին ինքն այլևս որպես վարչապետ գործարարների առջև իր պահանջներն է դնելու, և այդ համատեքստում՝ թղթերը կարգի բերելն ամենակարևոր հարցերից մեկն է: Մինչև 2018-ի ապրիլը գործարարները դեռ միջանկյալ ժամանակ ունեն ցույց տալու համար, որ թղթերով ամեն ինչ կարգին է, իսկ դրանից հետո կարող է իրավիճակը փոխվել: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Հայաստանում բիզնեսն ամբողջությամբ չի կարող մաքուր աշխատել, առավել դժվար է հավատալ, որ նման պահանջ կարող է դրվել Սերժ Սարգսյանի կողմից: Հայաստանում, հատկապես խոշոր բիզնեսն ուղղակիորեն կապված է իշխանության և Սերժ Սարգսյանի շրջապատի հետ: Եթե Հայաստանի դեռևս գործող նախագահը մաքուր բիզնեսի կողմնակից լիներ, նա նախագահության 10 տարիներին շատ հանգիստ կարող էր այդ հարցին լուծում տալ: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյնաը խոսում է փաստաթղթաշրջանառությունը կարգավորելու և ոչ թե ընդհանրապես ստվերը, մոնոպոլիաները կամ կոռուպցիան վերացնելու մասին: Ասել է թե՝ կարևորը՝ փաստաթղթով ամեն բան կարգին լինի:
ՊԵԿ նախագահի հետ հանդիպմանը նախորդել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ հանդիպումը, որտեղ նույնպես խիստ հանձնարարականներ էին հնչեցվել՝ կապված հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունների հետ: Նախագահը պահանջել էր ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելուց: Ինչպես տեսնում ենք, Սարգսյանը, օգտվելով Կարապետյանի բացակայությունից, հմտորեն խաղարկում է նաև տնտեսական խաղաքարտը, մտնելով կարապետյանական տիրույթ և փորձելով այստեղ հստակեցնել խաղի կանոնները: Գաղտնիք չէ, որ «տնտեսվարողների գործունեությունը խոչընդոտել» արտահայտությունը առավել հաճախ հնչում է գործադիր մարմնի նիստերում, երբ որոշում է ընդունվում լուծարել հերթական մարմինը: Հետևաբար, ՊԵԿ-ին տված՝ նախագահի հանձնարարականն անուղղակի մեսիջ է նաև կառավարությանը: Խաղի կանոններ են փոխվում, թելադրողն էլ՝ հայտնի է…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *