Սերժ Սարգսյանի ակնարկը կառավարությանը…

timthumb (2)

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Սարգսյանը հատկապես կարևորել է ԿԲ ինքնուրույնությունը: «Շատ կարևոր է, որ դուք իրոք մեծ ինքնուրույնություն եք ցուցաբերում: Ձեր օրինակն ուրիշների համար պետք է վարակիչ լինի»,- ընդգծել է նա՝ անընդունելի համարելով բոլոր այն խոսակցություններն ու մոտեցումները, թե պետք է փորձել արհեստականորեն ֆինանսական համակարգի միջոցով ազդել տնտեսության վրա:

Ո՞ւմ կամ ի՞նչ է ակնարկել Սերժ Սարգսյանը. ովքե՞ր են ցանկացել արհեստական ազդեցություն ունենալ տնտեսության վրա՝ բանկային համակարգի լծակներն օգտագործելով: Սերժ Սարգսյանն, իհարկե, անուններ չի տվել, սակայն նման ցանկություն կարող էր լինել կառավարությունից, այն պարզ պատճառով, որ տնտեսության արհեստական ցուցանիշներ ցույց տալը ձեռնտու էր առաջին հերթին կառավարությանը: Հակամարտություն և շահերի բախում կառավարության և Կենտրոնական բանկի միջև եղել է, որը զգացվել է անգամ կառավարության նիստերի ժամանակ: Բացի այդ, Հայաստանի Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը առաջիկա երեք տարիների համար տնտեսական աճի տարբեր ցուցանիշներ են ակնկալում։ Ընդ որում՝ Ֆինանսների նախարարության ցուցանիշն ավելի բարձր է, իսկ ԿԲ-ն իր կանխատեսումներում համեստ է։ Կառավարությանը մեկ-երկու ամիս առաջ է միայն հաջողվել ԿԲ-ին բերել իր որդեգրած քաղաքականության դաշտ: Սակայն դա չի խանգարել, որ հիմա էլ ԿԲ-ն պարզապես չհավատա կառավարության ծրագրած առաջիկա տարիների 4.7-5.7% տնտեսական աճին՝ պահանջարկի և ներդրումների մասով ավելի համեստ սպասելիքներ ունենալով. Ֆինանսների նախարարը դժգոհում է, որ ԿԲ-ն, ի տարբերություն իրենց, ցանկություն չի դրսևորում ջանքեր գործադրելու: Սա արդեն բավականին լուրջ և զուտ աշխատանքային հակասություն չէ, որի գմփոցը առաջիկայում հաստատ կլսվի: Միայն մնում է հասկանալ, թե դեպի ուր են տանում արմատները՝ քաղաքական, կլանային դա՞շտ, թե՞ Կարեն Կարապետյանի թիմը փորձում է ոչնչով չարդարացված ծանր բեռ վերցնել, իսկ ԿԲ-ում վախ ունեն, որ դրա արդյունքում կարող է ամբողջ տնտեսությունը վերջնականապես փլուզվել:

Ըստ երևույթին՝ Ջավադյանի գլխավորած կառույցին հաջողվել է լրջորեն զսպել կառավարության ախորժակը, այդ իսկ պատճառով իր ելույթում  Սերժ Սարգսյանը չի խնայել գովեստի խոսքերը, իսկ ինքը՝ Ջավադյանը, հստակ մեսիջ է հղել կառավարությանը, հայտարարելով՝ «ԿԲ-ն շարունակելու է պատրաստակամորեն իրագործել իր հիմնական նպատակները՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ տրված անկախության աստիճանի պահպանմամբ, ինչը տասնամյակներ շարունակ տեսությամբ և փորձով ապացուցված արդյունավետ ուղին է»: Անշուշտ, սա հստակ մեսիջ է կառավարությանը և բացահայտում է, թե ում խոսքն է առաջնային լինելու ԿԲ-ի ղեկավարի համար:

 

Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *