Սերժ Սարգսյանի անավարտ պարտիան…

timthumb

Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած՝ այսպես ասած ամփոփիչ հայտարարությունը շարքային էր, սակայն ամեն դեպքում արտահայտում է բանակցային այս փուլի որոշ առանձնահատկություններ: Համանախագահները արձանագրում են հանդիպման փաստը, դրա կառուցողականությունը, նախագահների պատրաստակամությունը շարունակելու գործընթացը, հավելյալ ջանք գործադրելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, իսկ համանախագահները կշարունակեն աշխատել նախարարների հետ:
Առհասարակ, դատելով Ժնևյան հանդիպման կադրերից՝ Ադրբեջանի ղեկավարի մոտ որոշակի ընկճվածություն էր նկատվում, ինչը չի կարելի ասել Սերժ Սարգսյանի դեպքում: Հայտնի է, որ Ալիևն անմիջապես բանակցություններից հետո հեռացել է, իսկ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր ներածական խոսքում, ակնհայտորեն միտումնավոր՝ ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից բանակցային գործընթացի հարցը շատ հստակ գնահատական էր ստացել. եթե չկա խաղաղություն, բանակցություններն անիմաստ են: Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում առաջարկություն եղավ՝ շփման գծում մոնիտորինգի հետաքննող մեխանիզմներ ներդնել: Այն կարող էր հնարավորություն տալ տեսնելու և հստակ տեղեկանալու, թե ում կողմից է պարբերաբար խախտվում զինադադարը, որի հետևանքով զոհեր են լինում: Հայաստանը միջնորդների այս առաջարկին կողմ էր, ավելին՝ դա նաև բանակցային գործընթացն առաջ տանելու համատեքստում հայկական կողմից բարձրացված կարևոր հարցերից էր:
Հետաքննող համակարգերի ներդրմանը, սակայն, Ադրբեջանը դեմ է և համառորեն հրաժարվում է: Ըստ էության, բանակցությունների պաշտոնական ձևաչափից դուրս՝ շվեյցարահայերի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այս նկատառումով է հայտարարել, թե ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և առաջնագծում զոհեր չունենանալու վերաբերյալ: Հակառակ դեպքում՝ հարց կառաջանար, թե որն էր այդ հանդիպման իմաստն ընդհանրապես: Իհարկե, շատ դժվար է, գրեթե անհնար է հավատալ, որ Ալիևը Բաքու վերադառնալիս ուրիշ բաներ չի ասելու իր ու Սերժ Սարգսյանի դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ. ամեն դեպքում, եթե լարվածության թուլացումն ու առաջնագծում զոհերի բացառումը իսկապես մտնեին Բաքվի պլանների մեջ, ապա նրանք սիրով և օր առաջ պետք է համաձայնվեին շփման գծում սահմանային միջադեպերի ուսումնասիրության մոնիտորինգի մեխանիզմների ներդրման առաջարկին, ինչպես դա անում է հայկական կողմը: Այս ֆոնին, «իմիտացիոն» նոր փուլն ապահովելու համար Ալիեւն ու Սարգսյանը ծառի տակ առանձնազրույցում թերեւս պայմանավորվել են, դատելով շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի խոսքից, որ հայկական կողմը շատ չի խոսելու Վիեննայի օրակարգի մասին, իսկ Ադրբեջանն էլ չի կրակելու սահմանին: Ըստ ամենայնի, Սարգսյանին և Ալիևին երեկ հաջողվել է կոնսենսուսի գալ ոչ միայն առաջնագծում հարաբերական խաղաղությունը պահպանելու, այլ նաև դիվանագիտական փոխադարձ դիմակայությունը դադարեցնելու վերաբերյալ: Համենայն դեպս, էական փոփոխություն կա Ժնևի հանդիպումից օրեր առաջ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի տարածած կտրուկ հայտարարության և Սերժ Սարգսյանի երեկվա լակոնիկ խոսքի շեշտադրումների մեջ:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *