Սերժ Սարգսյանի իշխանական նոր հայտը…

timthumb (2)

Մայիսի 18-ին նոր խորհրդարանը կգումարի իր անդրանիկ նիստը, և հենց նույն օրը կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները:

Իհարկե, սա Սահմանադրության պահանջն է, և այս հարցում ինտրիգներ փնտրել պետք չէ՝ մանավանդ, որ իր պաշտոնում դարձյալ վերանշանակվելու է Կարեն Կարապետյանը: Ճակատագրի հեգնանքով՝ նրա նոր կաբինետը ևս ժամանակավոր է լինելու և պաշտոնավարելու է մեկ տարուց էլ պակաս’ մինչև 2018թ.-ի ապրիլի 9-ը, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետը: Առավել ուշագրավ է այն փաստը, որ մոտ օրերս ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիոն համաձայնագիր են կնքելու ոչ թե մեկ, այլ հինգ տարվա, այսինքն՝ 2017-2022 թվականների համար: Դաշնակցությունը հայտարարում է, որ իրենք կոալիցիա են ուզում մտնել, քանզի պատասխանատու ուժ են ու նաև՝ գաղափարական։ Գնում են, իբր, հանուն հայրենիքի ներսից բան փոխելու։ Դրանք, իհարկե, բառեր են։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ որն է ՀՅԴ–ի բուն մոտիվացիան, և դա ակնհայտ է։

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի ՀՅԴ–ի թույլ տեղը և ցանկանում է այդ ուժին կոալիցիա մտցնել իշխանությունների հանդեպ հանրային տոտալ անվստահության ֆոնին, որպեսզի «փչացնի» նրանց, «փչացնելուց» հետո գին գցի ու հետագայում հարմար տարբերակով գործարք կնքի կամ էլ չկնքի։ Մյուս կողմից՝ չմոռանանք, որ սարերի հետևում չէ նաև 2018թ.-ի վճռորոշ ընտրությունը՝ այս համատեքստում՝ էլ ավելի է սրվում գործող վարչապետի և նախագահի քաղաքական ամբիցիաների պայքարը: ՀՅԴ հետ կոալիցիոն համաձայնագրի շուրջ բանակցում է Սերժ Սարգսյանը , այլ ոչ թե Կարեն Կարապետյանը: Վերջինս կարծես ընդհանրապես առանձնապես ոգևորված չէ «Դաշնակցության» հետ կոալիցվելու հեռանկարից: Նրան չի կարող չանհանգստացնել նաև այն, որ «Դաշնակցություն»-ը միակ ուժն էր, որ իր ԳՄ ներկայացուցչի դեմքով հայտարարեց՝ թե կողջունի Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը՝ 2018թ.-ի ապրիլից հետո: Հետևաբար, քիչ թե շատ ուրվագծվում են գործող նախագահի քաղաքական նպատակները՝ 2018թ.-ին ընդառաջ: ՀՅԴ հետ կոալիցիան ընդամենը լեգիտիմացնելու է Սերժ Սարգսյանի իշխանական նոր հայտը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *