Սերժ Սարգսյանի մյունխենյան էնդշպիլը

timthumb

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած Հայաստանի նախագահը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Ավանդաբար այս համաժողովների ժամանակ քննարկվում են աշխարհում տեղի ունեցող կարեւոր զարգացումների, տարատեսակ անվտանգության հետ կապված հարցեր։ Մյունխենի համաժողովը նաեւ լավ հարթակ է, հատկապես մեր նման երկրների համար` գերտերությունների բարձրաստիճան պատվիրակների առաջ բարձրաձայնել անվտանգության հետ կապված իրենց մտահոգող լուրջ խնդիրները։ Իսկ կոնկրետ Հայաստանի պարագայում` նման կարգի համաժողովներով, ինչու չէ, նաեւ հենց մյունխենյան համաժողովով կարելի է պատկերացում կազմել մեր արտաքին քաղաքականության, դրսում Հայաստանի դերի եւ նշանակության մասին։
Սերժ Սարգսյանի ելույթը «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման համատեքստում էր, ինչն ինքնին անչափ ուշագրավ է: Հենց Հայաստանի այդ կախյալ վիճակի մասին վերաբերվող հարցերին Սերժ Սարգսյանը դիվանագիտորեն խուսափեց պատասխանել: Ակնհայտ է, որ Սարգսյանը պատրաստ չէր Հայաստանի եվրասիական ընտրության և դրա արդյունավետության մասին հարցադրումներին: Դա է պատճառը, որ նախագահի ելույթի հիմնական մեխը ոչ թե ԵՏՄ-ԵՄ երկընտրանքն էր, այլ հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Սարգսյանը կրկնեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում իր ելույթի հիմնական ուղերձը՝ «հայ-թուրքական արձանագրությունները մինչ ապրիլ հետ կկանչվեն՝ պայմանավորված թուրքական կողմի վարած ապակառուցողական քաղաքականությամբ»:
Միևնույն ժամանակ, ակնհայտ է Սարգսյանի ելույթի շեշտադրության փոփոխությունը, եթե նախագահի նյույորքյան ելույթը շատ ավելի կտրուկ էր և արտահայտված վերջնագրի լեզվով, ապա Մյունխենում Սարգսյանը ակնարկեց՝ Թուրքիայի հետ հետագա հարաբերություններում պետք է բանակցվեն բոլորովին այլ փաստաթղթեր և արձանագրություններ: Դժվար է ենթադրել՝ ինչն է նման հետքայլի պատճառը, սակայն մի բան ակնհայտ է՝ Սարգսյանի նյույորքյան ելույթն ուղղված էր առավելապես ներքին լսարանին, այդ ելույթին, ինչպես գիտենք, հաջորդեց Հայաստան-Սփյուռք համաժողովը, որտեղ Սարգսյանի առջև խնդիր էր դրված ձևավորել համազգային լիդերի իր ամպուլան: Որքան դա ստացվեց՝ այլ հարց է: Մյուս կողմից՝ Հայաստանի շուրջ՝ տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներից մեր երկիրն անմասն մնալ չի կարող: Հետևաբար ՝ անհրաժեշտ է որոշակիորեն փոխել հռետորաբանությունը, առնվազն՝ միջազգային հանրության համար:
Սարգսյանի ելույթի երկրորդ կարևոր ուղերջձը վերաբերում էր արցախյան հակամարտության կարգավորման՝ հայկական կողմի տեսլականին: Նախագահի ելույթը մեկ անգամ ևս փաստեց, որ մենք կարողանում ենք Արցախի մասին խոսել միջազգային հանրության համար ընդունելի և հասկանալի լեզվով: Որևէ նոր միտք՝ կապված բանակցային գործընթացի հետ՝ Սարգսյանը չի հնչեցրել, սակայն ակնկալիք է ձևակերպել Եվրոպայից. «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս՝ տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»: Մյուս կողմից` եթե Հայաստանի նախագահը պահանջում է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին, առաջին հերթին` դա պարտավոր է անել հենց ինքը: Հայաստանը վերջին շրջանում Բաքվի հռետորաբանության կոշտացումը պայմանավորում է բացառապես հարևան երկրում ընթացող նախընտրական գործընթացներով, գուցե դա է պատճառը, որ հայկական կողմի պատասխանը ինչ-որ տեղ ասիմետրիկ է, և միակ սփոփող հանգամանքը այն է, որ այդ պատասխանը հնչում է միջազգային ամբիոնից: Կլսե՞ն այս անգամ Հայաստանի ձայնը…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *