Սերժ Սարգսյանի մտերիմը և Մանե Թանդիլյանի գործատուն՝ քաղաքապե՞տ

timthumb

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով «առողջական խնդիրների պատճառով» մի քանի օր է՝ աշխատանքի չի ներկայանում, մամուլում հրապարակվող տեղեկությունների համաձայն՝ արդեն իսկ հրաժարականի դիմում է գրել: Բացի այդ, հրապարակումների համաձայն՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ-ական անդամ, «Սինոփսիս»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները:
Իհարկե մտահղացումը հասկանալի է՝ փորձ է արվելու քաղաքապետի պաշտոնում, թեկուզ և ժամանակավոր, հաստատել մեկին, ով նվազագույն կերպով կառնչվի քրեաօլիգարխայի հավաքական կերպարի հետ: Միևնույն ժամանակ՝ Նոր Հայաստանում հաստատված իրողությունները թույլ են տալիս ենթադրել, որ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում պետք է լինի երևանցիների կողմից սիրված և հարգված գործիչ, և դա է հենց Տարոն Մարգարյանի փոխարինման օպտիմալ տարբերակը: Մինչդեռ Հովիկ Մուսայելյանի թեկնածությունը տարակուսելի է առնվազն այն տեսանկյունից, որ բոլորն են հիշում՝ ինչպես էր «Սինոփսիս»-ի  տնօրենը թավշյա հեղափոխության ողջ ընթացքում իր աշխատակիցներին արգելում մասնակցել բողոքի ակցիաներին, այնուհետև կտրականապես հերքում էր ընկերությունում գործադուլի մասին տարածվող տեղեկությունները: Սակայն հետագայում առաջինը Մուսայելյանը հպարտորեն հայտարարեց, որ ընկերության պատերից Սերժ Սարգսյանի նկարները հանվել են հենց իր կարգադրությամբ: Եվ սա այն դեպքում, երբ Մուսայելյանը համարվում է նախկին վարչապետի մտերիմն ու վստահելի կադրը:
Ընդ որում, զարմանալի «պատահականությամբ»՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հետ անմիջական կապ է ունեցել ներկայում արդեն Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը: Թանդիլյանը, մինչ պատգամավոր ընտրվելը, երկար տարիներ աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահի պաշտոնում: Ստացվում է՝ Տարոն Մարգարյանի հավանական փոխարինող համարվող Մուսայելյանն «իրեն չի կորցրել» և այս ողջ ընթացքում փորձել է «խաղալ» միանգամից երկու ուղղություններով՝ թերևս նպատակ ունենալով ապահովագրել իրեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում:
Թավշյա հեղափոխությունը Հայաստանում միանգամայն նոր մթնոլորտ է ձևավորվել: Տասնամյակներ շարունակ Երեւանի կառավարման իրավունքը ի չարս է գործադրվել եւ ծառայեցվել իշխող մի խմբի, դրան մերձ օլիգարխների անձնական շահերին՝ յուրացնելով հանրությանը պատկանող տարածքներ՝ այգիներ, պուրակներ, բակեր, մայթեր, շենք-շինություններ, վատնելով ու մսխելով Երեւան քաղաքի բյուջեն անհարկի ճոխությունների, դեկորացիաների, խնջույքների ու արարողությունների վրա: Հենց այս «ավանդույթներն» են որոնց պետք է վերջ տրվի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երևանն ունենա երևանցիների մեծամասնության կողմից ընդունված և հարգված քաղաքապետ, այլ ոչ թե քաղաքական տարատեսակ խաղերի մեջ թաթախված անհատի, ով կրկին այս պաշտոնը կծառայեցնի նեղ քաղաքական-խմբային շահերին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *