Սերժ Սարգսյանի պայմանը Արմեն Սարգսյանին

timthumb (1)

Ինչպես և սպասվում էր, երեկ Արմեն Սարգսյանն ընդունել է նախագահի թեկնածու առաջադրվելու Սերժ Սարգսյանի առաջարկը: Ինչ վերաբերում է նրան, թե Արմեն Սարգսյանն ինչ կարող է փոխել Հայաստանում, ապա ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նա միայնակ որոշումներ կայացնելու լիազորություններ գրեթե չունի, քանի որ Սերժ Սարգսյանը նախաձեռնելով սահմանադրական փոփոխությունները` փորձեց այնպես անել, որ իր վարչապետ դառնալու պարագայում ով էլ դառնա նախագահ՝ իրեն մարտահրավեր նետելու հնարավորություն չունենա:
Սարգսյանը հայտարարել էր, որ հանդիպումների շարք է ունենալու հանրության լայն շրջանակների հետ ու միայն դրանից հետո է կայացնելու նախագահ դառնալու որոշումը։ Այդ հանդիպումների շարքին բոլորս ականատես եղանք: Եթե դրանք զուտ կամերային ու ձևական միջոցառումներ չէին (օրինակ՝ Սերժ Սարգսյանը մի ժամանակ սիրում էր ՄՀՀ-ում հավաքել Հայաստանում գրանցված բոլոր կուսակցություններին ու նրանց հետ քննարկում կազմակերպել), ապա պետք է հարմար առիթ հանդիսանային, որպեսզի Արմեն Սարգսյանը մեր հանրությանը ծանոթացներ իր տեսակետների հետ, ներկայացներ իր քաղաքական դիմագիծը:Ասել է թե՝ այդ հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը ոչ այնքան պետք է լսեր, որքան խոսեր: Խոսեր արդիական թեմաներից: Մինչդեռ Սարգսյանը հիմնականում լսողի դերում էր: Նա լսողի դերում էր նաև երեկ՝ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Սերժ Սարգսյանի հետ զրույցի ժամանակ թեկնածու Սարգսյանը փորձել է բարձրաձայնել իր մոտեցումները հասարակությանը հուզող մի շարք խնդիրների՝ առողջապահության, կրթություն ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ, սակայն Սերժ Սարգսյանը զրույցը տարել է իրեն ձեռնտու հունով, և ի վերջո կողմերը հանգել են նրան, որ Արմեն Սարգսյանը կփորձի իր ներդրումը բերել ապագայում և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում: Սերժ Սարգսյանը մի կողմից ստանում է Արմեն Սարգսյանի համաձայնությունը, մյուս կողմից մեղմ ակնարկում վերջինիս լիազորությունների այն շրջանակը, որից դուրս գալը կդիտարկվի իբրև քայլ ընդդեմ գործող համակարգի և քաղաքական-տնտեսական համակարգի ստատուս-քվոյի: Դա Սերժ Սարգսյանի գլխավոր պայմանն է, և անկախ  չորրորդ հանրապետության առաջին նախագահը դառնալու մասին Արմեն Սարգսյանի արած համարձակ հայտարարություններից, համաձայնելով առաջադրվել՝ նա համաձայնել է նաև Սերժ Սարգսյանի այդ պայմանին:
Ասել է թե՝ Արմեն Սարգսյանից ավելին չի ակնկալվում, քան ժպտալ և ներդրում բերել: Ինչպես լավ, թե վատ անում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Միայն թե ի տարբերություն Կարապետյանի, Սարգսյանի ժպիտը ուղղված է լինելու հիմնականում արևմտյան կապիտալին: Արմեն Սարգսյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի համար առանցքային գործոն է: Նախագահի ՀՀԿ թեկնածուն ծավալել է միջազգային մասշտաբի բավական խոշոր տնտեսական գործունեություն, թե Արեւմուտքում, թե արեւմտյան կազմակերպությունների միջոցով եվրասիական դաշտում: Արմեն Սարգսյանը կապիտալի խոշոր կրող է, միջազգային կապիտալի խոշոր շրջանակների հետ կայուն եւ տեւական կապեր ունեցող: Արմեն Սարգսյանի դերը հայաստանյան նոր համակարգում արժե դիտարկել նաեւ այդ տեսանկյունից: Այդպիսով, Սերժ Սարգսյանը փորձում է լուծել համակարգային վերափոխման հարցում իր ամենամեծ խնդիրներից մեկի՝ ֆինանսների, փողի բացակայության հարցը: Մի խնդիր՝ որը չհաջողվեց լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսական կապիտալի միջոցով:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *