Սերժ Սարգսյանի վերջակետը

timthumb (3)

ՌԴ-ում նախագահական ընտրությունների ավարտը կարծես թե նոր լիցք հաղորդեց ՀՀ ներքաղաքական գործընթացներին: Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Սերժ Սարգսյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիոն Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Նախագահը նաև նշում է, որ իր հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են, և ինքը չգիտի՝ այս քննարկումները երբ կավարտեն։ Սակայն եթե ի վերջո որոշեն, որ առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի կողմից մեկ հավելումով։ Հավելումն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։
Իհարկե, արդեն ժամանակն էր, որպեսզի Նախագահն արձագանքի ամիսներ շարունակ քաղաքական դաշտի և հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցին: Սարգսյանի հարցազրույցի մեխն այն է, որ նախագահը փաստում է՝ առկա են բազմաթիվ ներքին և արտաքին վտանգներ, մարտահրավերներ: Դրանց լուծումը պահանջում է կառավարման առկա բրգաձև կառույցի պահպանումը, իսկ իր հնարավոր վարչապետությունը ոչ թե ամբիցիաների, այլ քաղաքական պատասխանատվության տիրույթում է: Դրանով Սարգսյանը իրեն հակադրում է այն ուժերին, որոնք, ըստ նախագահի՝ հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ։ Նախագահը իբրև մարտահրավերներ հիշատակել է Ապրիլյան քառօրյան, ՊՊԾ գնդի գրավումը: Հիշենք, որ Սարգսյանը մշտապես հայտարարել է, թե լինելու է այնտեղ, որտեղ կպահանջվի անվտանգությունը: Հետևաբար, նման դեպքերի կանխումը պարզապես պարտադիր է դարձնում Սարգսյանի առկայությունը կառվարման բուրգի ամենավերին հատվածում:
Մյուս կողմից անչափ ուշագրավ է Սարգսյանի, այսպես ասած, պայմանը՝ թրծել նոր լիդերների: Սերժ Սարգսյանը դրանով փորձում է ակնարկել, որ եթե լինի վարչապետ, ապա լինելու է ոչ թե ներկայիս համակարգի, օլիգարխիկ կառուցվածքի, այլ երիտասարդների վարչապետը կամ այլ կերպ ասած՝ «նոր ոգու» վարչապետը: Սրան դժվար է հավատալ, քանի որ եթե պահպանվի կառավարման բրգաձև կառուցվածքը, ապա այն հիմնված է լինելու նույն տնտեսա-օլիգարխիկ հենարանի վրա: Մյուս կողմից՝ հանրության հիշողության մեջ դեռ թարմ է այն ձախողված տրանսֆորմացիան, որն իբր պետք է կատարվեր ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի միջոցով: Իրականում, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ «նոր ոգին» ընդամենը ֆիկցիա է և իշխող համակարգը, բացառությամբ մի քանի օդիոզ կերպարների, պահպանել է իր դիմագիծը: Այժմ Սարգսյանը հայտարարում է ավելի բարձր մակարդակում նոր ոգուն անցնելու մասին:
Սարգսյանի հարցազրույցը փաստացի ճանապարհ է բացում ընդդիմության համար, առիթ տալիս սկսելու իրական փողոցային պայքար: Նախագահի հայտարարությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ը ազդարարեց այդ պայքարի սկիզբը: Իհարկե, սա հաշվարկված կոմբինացիա էր, որի դեպքում ընդիմությանը այլ բան անել չէր մնում: Սարգսյանն իր շուրթերով հայտարարում է, որ իր վարչապետությունը սարերի հետևում չէ: Ընդդիմությունը ստիպված է լինելու գնալ գործնական քայլերի: Միևնույն ժամանակ, Սարգսյանը հասկանում է, որ մարգինալ վիճակում գտնվող Փաշինյանը փողոցում սարեր շուռ տալ չի կարող: Առավել հավանական է նրա ձախողումը՝ բայց դա արդեն Սարգսյանի խնդիրը չէ: Փողոցային պայքարը ձեռնտու է Սարգսյանին հենց վերոնշյալ ֆորս-մաժորների դեպքում անվտանգության հարցերում իր անփոխարինելիությունը ապացուցելու համար:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *