Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարապետյանը սխեմա են պատրաստում

timthumb (6)

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Նախագահի նստավայրում ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ և անդրադարձել նաև  2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին:

Նախագահ Սարգսյանը 2017 թվականը բնորոշել է որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի՝ նշելով, որ  2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով:

ԼՈւՐԵՐ.com-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Նախագահի այս հայտարարությունը մեսիջ չէր այն մասին, որ վարչապետ Կարապետյանն իսկապես հաջողել է: «Սա շատ բացահայտ մեսիջ էր, նման մի հաղորդագրություն էլ նախագահն ուղղեց հանրությանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցով: Սերժ Սարգսյանն իր այս քայլերով աջակցություն է հայտնում վարչապետ Կարապետյանին և ցույց տալիս, որ տնտեսական դրդապատճառներով Կարապետյանին պաշտոնից չեն զրկի և նա կշարունակի 2018-ից հետո էլ մնալ վարչապետ: Հետաքրքրական է, որ հանրապետականների այն հատվածն, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի Սերժ Սարգսյանին համոզեն վարչապետ դառնալ, այս տնտեսական բաղադրիչի դեմ պարզապես անզոր են»,-ասաց Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ ո՞վ է ասել, որ, օրինակ, Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցությունների պետք է գնա միայն վարչապետը, չէ՞ որ ըստ սահմանդրության, դրա համար կա նախագահի կարգավիճակ. «Հետևաբար, միայն անվտանգության բաղադրիչի վրա հիմնվելով՝ չի կարելի պնդել, թե Կարապետյանը շանս չունի վարչապետ մնալու: Հիմա պետք է սպասենք, թե քաղաքական մեծամասնությունն ում է առաջադրում նախագահի թեկնածու, որից հետո վարչապետի հարցում հստակություն կմտցվի: Խոշոր հաշվով՝ պետք է սպասել և տեսնել, թե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն ինչ սխեմա են պատրաստում, իսկ այն, որ հիմա նրանք այդ փուլում են՝ հաստատ է»,-ասաց Հակոբյանը և հավելեց, որ  օրակարգն այս պահին ձևավորում է ոչ միայն Նախագահ Սարգսյանն, այլ վարչապետն ու ևս  մի քանի կարևոր դերակատարներ, ուստի՝ դա միայն Սերժ Սարգսյանի մենաշնորհը չէ:

Հիշեցնենք, որ երեկ գործարարների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Փառք Աստծո, տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարևոր է՝ նաև կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե 6 միլիարդանոց արտաքին առևտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *