Սիրախաղ կսկսվի՞ ԵԼՔ և «Ծառուկյան» դաշինքների միջև

timthumb (1)

Որքան մոտենում է 2018 թ․-ը, այնքան ներքաղաքական իրավիճակն ավելի անորոշ է դառնում, քանի որ դեռևս պարզ չէ, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտից հետո ինչպիսի փոփոխություններ են կատարվելու քաղաքական համակարգում։ Չնայած մի շարք հիմնավորված կանխատեսումների առկայությանը, բայց, այնուամենայնիվ, դեռևս հստակ չէ, թե ով է ի վերջո ստանձնելու երկրի կառավարման ղեկը։ Բաց է նաև ապագա նախագահի թեկնածության վերաբերյալ հարցը: Այդ բացն այսօր փորձեց լրացնել ԵԼՔ-ը: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ դաշինքը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «ԵԼՔ»-ը, ըստ Փաշինյանի, բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար: Վերջին շրջանում մամուլում տարածվող լուրերն այն մասին, թե «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների միջև կան քննարկումներ՝ 2018թ.-ին վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ, կարելի է անմիջապես դասել նորօրյա հեքիաթների շարքը: Եվ սա ոչ այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը դա հերքել է, այլ՝ քանի որ ներկա պահին նման զարգացումները պարզապես անհավանական են:
2014 թ․-ի համեմատ՝ իրավիճակն արմատապես փոխվել է: Ծառուկյանը ԵԼՔ-ին որևէ կերպ չի ընկալում որպես դաշնակից, կա վստահության պակաս, ինչպես նաև ԵԼՔ-ը չունի այն տրամաչափը, ինչ Առաջին նախագահը։ Վերջինս ուներ հստակ ռազմավարություն ու կարողանում էր համակարգել միավորված ուժերի միասնական գործունեությունը:
Երկու դաշինքների միջև համագործակցությունը չի կարող իրականություն դառնալ նաև այլ պատճառներով: Նախ, ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքն արդեն իսկ հայտարարել է, որ չի պաշտպանելու ՀՀԿ-ական վարչապետի որևէ թեկնածուի: Իսկ «Ծառուկյան» դաշինքը ոչ միայն նման բան չի ասել, այլև, անկասկած, իր ձայնը կտա ՀՀԿ-ին, եթե մինչ այդ կոնկրետ համաձայնության հանգի իշխանական թևի հետ: Առայժմ նրանք ընդամենը աշխատում են Կարապետյանի շանսերը նվազեցնելու ուղղությամբ, մշտապես քննադատության են ենթարկում կառավարության գործունեությունը և հետո արդարանում են, թե իբր իրենց քննադատությունները երբեք ինքնանպատակ չեն եղել, ավելին՝ բխել են հասարակությանը հուզող խնդիրներից:Միանգամայն հնարավոր պիտի համարել դաշինքի այն հայտարարությունը, թե ընդհանրապես վարչապետի թեկնածության հետ կապված քննարկում այսօր «Ծառուկյան» խմբակցության օրակարգում չկա, քանի որ այդ քննարկումները կարող են լինել միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն կհայտարարի իր որոշման մասին:
ԵԼՔ-ը նույնպես քաջ գիտակցում է, որ շանսերը զրոյական են: Զեյնալյանի առաջադրումով և «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցություններ սկսելու մասին հայտարարությամբ «Ելք»-ը յուրատեսակ շանտաժի է ենթարկում Ծառուկյանին՝ նրան փորձելով դնել երկընտրանքի առջև: Իմաստը հետևյալն է. եթե Ծառուկյանը նախընտրում է ՀՀԿ-ի հետ որևէ ֆորմատով գործակցությունը, ապա ապացուցում է, որ «Ելք»-ը ճիշտ էր իր նախընտրական որակումներում: Այդ դեպքում Ծառուկյանը հանդես է գալիս նաև որպես խոստմնազանց, քանի որ քարոզարշավի կեսից, մեծամասամբ հենց «Ելք»-ի մեղադրանքներին ի պատասխան, նրա թիմակիցները պնդում էին, թե ՀՀԿ-ի հետ որևէ պարագայում գործակցության ձևաչափի մեջ չեն մտնի:
Այսինքն, «Ելք»-ն ուզում է Ծառուկյանի համար փակել այս ճանապարհը՝ այն մատուցելով որպես վարկաբեկման տարբերակ: Երկրորդ ընտրությունը կոալիցիա կազմելով` ՀՀԿ-ին փոքրամասնություն դարձնելու և իշխանությունից զրկելու՝ իրենց առաջարկն ընդունելն է: Փաշինյանն այս ուղին մատուցում է որպես Ծառուկյանի «ինդուլգենցիա» կամ «մաքրման ճանապարհ»: Խնդիրն այն է, սակայն, որ եթե Ծառուկյանը տրվում է այս ճնշմանը, ապա նրանց տեսական կոալիցիայում «Ելք»-ը, միևնույն է, մնում է փոքրամասնություն: Կոալիցիայում որոշումների կայացման հսկիչ փաթեթը մնալու է Ծառուկյանին, որի ռեյտինգն անհամեմատ բարձր է «Ելք»-ի ռեյտինգից: Եթե վերջինիս համար ընդունելի է այս տանդեմում «կրտսեր» եղբոր կարգավիճակում մնալը, ապա ստացվում է, որ նրա ամբողջ պայքարն ընդամենը այսքանի համար էր: Այնպես որ, «Ելք»-ը ճիշտ կաներ՝ մտածեր՝ իսկ արժե՞ր ժամանակից շուտ, դեռ ջուրը չտեսած, այսպես բոբիկանալ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *