Սկանդալ քրդական համայնքում. Ինչո՞ւ մահմեդական քուրդ պատգամավորը խաչակնքվեց

timthumb

Մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային Ժողովի անդրանիկ նիստը վարող քրդական համայնքից Աժ պատգամավոր ընտրված Կնյազ Հասանովը Գարեգին Բ-ի աղոթքից հետո խաչակնքել էր:

Քուրդ պաշտոնյայի այս քայլը դարձավ համացանցում քննարկումների առարկա: Պատգամավորին որոշ օգտատերեր սկսեցին քննադատել խաչակնքելու համար, քանի որ քրդերն այլ դավանանք ունեն և քրիստոնյա չեն:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ չի պատրաստվում արձագանքել իր հասցեին հնչող քննադատություններին. «Ես հարգում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հարգում եմ քրիստոնեական ավանդույթները, հաճախում եմ եկեղեցի, մոմ եմ վառում, այնպես որ՝ ես խաչակնքելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում»:

Մեր դիտարկմանը, որ քննատաողները շատ կտրուկ են արտահայտվել և այդ երևույթին դեմ են խոսել նաև ազգությամբ քրդերը, Կնյազ Հասանովը պատասխանեց. «Ես որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեմ, ինձ համար այդ թեման փակ է, նորից եմ կրիկնում՝ հարգում եմ քրիստոնեական ավանդույթները»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը քուրդ պաշտոնյայի խաչակնքվելու երևույթն արտասովոր բան չի համարում՝ պնդելով, որ խաչակնքելը նրա կրոնական պատկանելության վրա որևէ կերպ չի ազդում, քանի որ Կնյազ Հասանովը նվիրյալ քուրդ է. «Կնյազ Հասանովը նվիրյալ քուրդ է, մարդը որոշակի մշակույթի նորմեր է պահում, որը իր էթնիկ ազգային պատկանելիության վրա չի ազդում, նա շարունակում է մնալ նվիրյալ մահմեդական քուրդ առաջնորդ»:

Ազգագրագետը կարծում է, որ արտաքին նորմեր պահպանելը չի կարող լարվածության պատճառ դառնալ և կարծում է, որ քուրդ պաշտոնյայի այդ քայլի վերաբերյալ բացասական արձագանքները պատահական չեն. «Դա արվում է եզդիների կողմից, ովքեր խնդիրներ ունեն քուրդ մահմեդականների հետ»,— նշեց մեր զրուցակիցը:

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց ճշտել այս երևույթի նկատմամբ եզդիական համայնքի տեսակետը: «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար ամենաքիչը զարմանալի է, երբ ոչ քրիստոնյան խաչակնքում է. «Ծիծաղելի է, երբ մահմեդականը խաչակնքվում է, այսքանն, էլ ավելացնելու բան չունեմ»,-նշեց նա:

 

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *