Սկզբունքային առճակատում Սիսիանում

timthumb (1)

Ընտրությունից ընտրություն քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող մի շարք քաղաքներում ու համայնքներում մեկնարկում են ՏԻՄ ընտրությունները։ Նեյեմբերի 5 ին կկայնա Սիսյան քաղաքի քաղաքապետի ընտրությունը, որտեղ պայքարը դե ֆակտո կրում է երկբևեռ բնույթ։ Միմյանց դեմ են դուրս ելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը։ ՀՀԿ-ական  թեկնածուն՝  գործող քաղաքապետ Ա. Սարգսյանը  նախկին քաղապետ Լ. Սարգսյանի որդին է, իսկ ԲՀԿ-ի թեկնածուն՝  Կ. Համբարձումյանն իր հերթին նախկին քաղաքապետ Ա, Հակոբջանյանի փեսան է։ Այսինքն՝ երկու թեկնածուներն էլ ունեն որոշակի ազդեցություն Սիսիանում և ունակ են պայքարելու հաղթանակի համար։ Չի բացառվում, որ նախկին քաղաքապետերի անուղղակի մրցակցությունն ավելի սկբունքային երանգ հաղորդի ընտրությանը։

Դեռ մեկ ամիս առաջ, երբ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ուժերից ԵԼՔ դաշինքն ու ՀՅԴ-ն չէին մասնակցելու ընտրություններին, ընտրազանգվածի որոշ մասի մոտ առաջացել էր որոշակի հիասթափություն, ինչը ավելի քան տրամաբանական էր։ Սակայն, եթե ՀՅԴ-ի պարագայում կարող ենք համարել, որ այդ կուսակցությունը իշխանական կոալիցիայի անդամ է, ապա ԵԼՔ-ի պարագայում՝ որևէ քաղաքական հիմնավորում բարդ է գտնել։ Սիսիանում ԵԼՔ-ի հավանական  ներկայացուցիչը  Ս, Գրիգորյանն է,  ով նաև մասնակցել էր խորհրդարանական ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու, դրանից առաջ՝ 2012թ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել էր Սիսիանի քաղաքապետի ընտրություններում և արդյունքում  ստացել 173 քվե։ Ս․ Գրիգորյանի խոսքով՝ ԵԼՔ դաշինքը չէր կարող կարող մասնակցել ընտրություններին մի պարզ պատճառով՝ չէր կարող դիմակայել այն ճնշմանը, որն իրականացնում է իշխող կուսակցությունը՝ օգտագործելով իր տրամադրության տակ եղած վարչական ռեսուրսը։ Հարկավոր է ընդունել, որ  խորհրդարանական ընդդիմադիր ուժին հարիր չէ նման երկչոտությունը և համապատասխան ընտրատարածքում  3415 ձայն ստացած  ԵԼՔ-ը ամենաքիչը պետք է իր մասնակցությամբ  քաղաքական պատասխանատվություն ցուցաբերեր իր իսկ էլեկտորատի  նկատմամբ։

Ինչպես կանխատեսվում էր, հանրապետականները ՏԻՄ ընտրություններում ևս տարբեր օղակներում օգտագործելու են իրենց բոլոր հնարավորությունները քաղաքական ճնշումներ իրականացնելու ուղղությամբ, և Սիսիանի քաղաքապետի ընտրությունը ևս բացառություն չէ։ Մամուլում լայնորեն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ում ազգականը Սիսիանի փոխոստիկանապետն է, խոշորացվող համայքների համայնքապետերին սպառնացել է «դավաճանների» նկատմամբ գործեր հարուցել։  Քաղաքապետը բացահայտ ճնշում է իրականացնում համայնքապետերի վրա, որպեսզի վերահսկեն իրենց համայնքներում մրցակցի ագիտացիան՝  ետ պահելով բնակիչներին ներկայություն ցուցաբերելուց։ Մասնավորապես՝ նկատողություն է ստացել Ույծ գյուղի ղեկավարը, քանի որ իր համայնքապետարանի աշխատակցուհին  մասնակցել է ԲՀԿ-ական թեկնածուի քարոզարշավին։ Գյուղապետ Արտակ Ավետյանին պարտադրել են աշխատանքից ազատել աշխատակցուհուն։

Մեկ այլ հատկանշական դեպք է տեղի ունցել, երբ  Ախլաթյան համայնքում քարոզարշավ իրականացնող Կարեն Համբարձումյանի հավաքին գրեթե ներկաներ չեն եղել, իսկ ովքեր որ մեծ ցանկություն են ունեցել ծանոթանալու թեկնածուի նախընտրական ծրագրին, աշխատել են աննկատ մնալ և հետևել են կտուրներից։ Ի դեպ՝ այս «հավաքին» ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը։ Այս է պատճառը, որ ԱԺ նիստի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը, կուլ չտալով վիրավորանքը, շատ կոշտ կերպով քննադատեց 7 ամիս առաջ տեղի ունեցածը,  երբ Սիսիանի քաղաքապետարանում մեծ շուքով նշել էին Արթուր Սարգսյանի ծննդյան օրը։

Ինչպես տեսնում ենք, ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ստորին օղակներում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել, և ընտրությունների ընթացքը ցույց է տալիս, որ Արթուր Սարգսյանի ընտրվելու պարագայում լուրջ կասկածի տակ է մնալու նրա լեգիտիմությունը։

Վաչիկ Գրիգորյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *