Վահան Մարտիրոսյանն արշա՞վ է սկսել Տիգրան Սարգսյանի բիզնեսի դեմ

timthumb (12)

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն անցկացրել է Զվարթնոց օդանավակայան-Երեւան N 201 երթուղու մրցույթը: Այս երթուղին, հիշեցնենք, նոր է եւ բացվեց այն ժամանակ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնաբերեց, որ օդանավակայանից մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ հասարակական փոխադրամիջոց, փաստացի, գոյություն չունի։ Եվ «ռազմավարական» նշանակության այս խնդիրը լուծելու հույսով որոշվեց, որ պետք է Երեւան-«Զվարթնոց» եւ հակառակ ուղղությամբ քաղաքակիրթ ավտոբուսային երթուղի ունենանք։ Սույն թվականի հունիսին տրվեց երթուղու մեկնարկը, եւ պիլոտային ծրագրով շահագործողը եղավ «Էլիտ բաս» ընկերությունը։ Թե ինչու որոշվեց առանց մրցույթի հենց «Էլիտ բաս»-ին վստահել այս երթուղին, այդպես էլ տրամաբանական բացատրություն չտրվեց, միայն նշեցին, որ առայժմ պիլոտային տարբերակով է գործարկվում այս երթուղին, շուտով մրցույթ կանցկացվի, ով ուզում է՝ թող գա-մասնակցի։ Մրցույթը կայացավ, եւ հաղթողն էլ միակ մասնակիցն էր՝ դարձյալ «Էլիտ բաս»-ը։ Ստացվում է՝ ընկերությունն ինքն իր հետ մրցեց, ինքն իրեն հաղթեց: Հասկանալի չէ անգամ, որն է լինելու քաղաքացու օգուտն այս կասկածելի որոշման արդյունքում, սակայն մի բան պարզ է՝ նախարարությունն արդեն իսկ կարող է հայտարարել, որ լուծում է տվել այդքան կարևոր ռազմավարական խնդրին: Պատասխանատուները մեկ գիշեր անցկացրին Զվարթնոցում, ինչի արդյունքում 30-ից ավելի չլիցենզավորված տաքսիներ հայտնաբերվեցին, կազմվեցին արձանագրություններ, հանկարծ պարզվեց, որ որոշ տաքսիների վարորդներ ոչ միայն տաքսի ծառայություն մատուցելու թույլտվություն, նույնիսկ վարորդական իրավունքի վկայական չունեին:
Տաքսի ծառայությունների ոլորտը մեր երկրում թերևս ամենաբարձիթողի վիճակում գտնվողներից է, և առնվազն միամտություն կլիներ մտածել, թե վարչապետի նկարագրած՝ «չստիկով և անթրաշ» տաքսու վարորդները, չլիցենզավորված գործակալությունները կենտրոնացած են միայն Զվարթնոց-Երևան գծի վրա: Ըստ հավաստի աղբյուրների՝ Զվարթնոց-Երևան գիծը սպասարկող City Taxi-ի հետ միջնորդավորված բիզնես կապեր ուներ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տպավորություն է ստեղծվում, որ  նախարարությունը անցկացրել է մրցակցությունից զուրկ հապճեպ մրցույթ՝ նպատակ ունենալով արագացնել հենց Տիգրան Սարգսյանի բիզնեսներից մեկի «օպտիմալացումը»Հաշվի առնելով, որ մեր երկրում իշխանության հիմքը հանդիսանում է  կապիտալը, ոլորտի կարգավորման անվան տակ փորձ է արվում սահմանափակել նախկին վարչապետի հնարավոր քաղաքական քայլերը, վերջինիս գործունեության տիրույթը սահմանափակելով ԵԱՏՄ շրջանակներում՝ թողնելով նրան, այսպես ասած, «պատվավոր աքսորում»:  Մինչդեռ ոլորտն իրոք բարեփոխումների կարոտ է, օրենսդրական կարգավորումները թերի են և անորոշ: Ոլորտի կարևորագույն խնդիրն է պայմանների անհավասարությունը՝ անհատ տաքսիստների, տաքսի ծառայությունների և դիսպետչերական ծառայություններ մատուցող ընկերությունների միջև: Ոլորտը կարգավորող օրենսդրությունը պետք է կայուն լինի, որպեսզի լիցենզավորման կարգերը, վճարվող պետտուրքերը և օրենքի այլ կարևոր բաղադրիչներ փոփոխության չենթարկվեն: Այս տեսլականն է, որ պետք է դրված լինի նախարարության կողմից ընդունվող յուրաքանչյուր որոշման հիմքում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *