Վանաձորն ավելի մեծ խնդիրներ ունի, քան Էդմոն Մարուքյանն է. Մամիկոն Ասլանյան

timthumb (1)

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վաղուց ուշադրություն չի դարձնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ,  ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարություններին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ չի հետևում ԵԼՔ-ի թելադրած կեղծ օրակարգերին:

Դիտարկմանը, որ  33 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնում 15 անդամի ներկայությամբ են նիստեր գումարում, ինչը պատգամավորը որակել է աշխարհում նմանը չուեցող երևույթ և բացարձակ ապօրինություն, քաղաքապետը պատասխանեց. «Օրենքը թույլ է տալիս՝ գումարում ենք, ես օրենքի տառին համապատասխան եմ գործում, թեև իրենք այս հարցը վիճարկել են Սահմանադրական դատարանում, այնպես որ, սպասենք, տեսնենք՝ դատարանն ինչ որոշում կընդունի: էդմոն Մարուքյանն իր ձայնը լսեի դարձնելու համար Վանաձորում կենդանության նշաններ է ցուցաբերում, որը մի կողմից ուրախացնում է, որ կան դեռ, մյուս կողմից՝ տխրեցնում, քանի որ առաջ քաշած օրակարգերը կեղծ են: Ես իմ գործով եմ զբաղվում, Վանաձորն ավելի մեծ խնդիրներ ունի, քան Էդմոն Մարուքյանն է»,-ասաց քաղաքապետը՝ հիշեցնելով, որ ընտրություններին իրեն մեղադրող կողմը հավաքել է ընդամենը 4800 ձայն, հետևաբար, այդ քանակին հաապատասխան էլ իրենց  ձայնը թող հնչեցնեն:

Հիշեցնենք, որ այսօր հայտարարություն է տարածել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկ տարի առաջ Վանաձորի քաղաքապետի ընտրությունները որակելով հանցագործություն ու մանդատագողություն:

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Վանաձորի նորընտիր ավագանու նիստին Հանրապետական կուսակցությունը, չունենալով ձայների մեծամասնություն, կատարեց մանդատագողության աննախադեպ ու խայտառակ ակտ՝ քաղաքապետ նշանակելով փաստացի չընտրված սեփական թեկնածուին: Մեկ տարի շարունակ Վանաձորում փաստացի տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով»:

Մարուքյանի հայտարարության մեջ ասվում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մնում է իր սկզբունքներին հավատարիմ և իր պայքարում հաստատակամ. մենք պայքարելու ենք Սահմանադրական դատարանում՝ հասնելու համար այս ապօրինության և անարդարության ճշմարիտ հանգուցալուծմանը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *