«Սկզբնապես մենք կազմեցինք հարցումների ցուցակը, բովանդակությունը և ստացված տեղեկատվության արդյունքում մենք կազմելու ենք հրավիրման ենթակա անձանց նախնական ցուցակը և յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման արդյունքում առաջանալու է լրացուցիչ պաշտոնատար անձանց հրավիրելու անհրաժեշտություն»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ. «Մենք ընդունելի համարեցինք, որ քննարկման առարկա դարձնենք անգամ մինչ այս տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները, հասկանալու՝ որքանով է մեր պետական ապարատը, օրենսդրական բազան հիմնավոր և բավարար ապահովելու մարդու սահմանադրական իրավունքի իրացումը»,-ասաց Կոստանյանը։
Հարցին՝ արդյո՞ք հարցաքննության կհրավիրեն ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, ինչպես նաև վարչապետը, Կոստանյանն պատասխանեց.
«Տրամաբանական է, որ առնվազն այդ ձեր նշված անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ցանկացած սուբյեկտի։