Վարչապետը պարտվեց…

4837347

Հասարակության շրջանում շատերը նկատած կլինեն՝ Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունը սովորաբար չի գերագնահատվել, քանի որ մարդիկ այն խոշոր հաշվով քաղաքական տեսանկյունից այնքան էլ չեն կարևորել՝ սխալմամբ կարծելով, թե դրա նշանակությունը չի կարող մեծ լինել երկրի ներքաղաքական կյանքում: Միգուցե և որոշ դեպքերում ամեն բան հենց այդպես էլ կա, սակայն հաստատ կարող ենք պնդել, որ 2017-ի ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունն այս պարագայում ոչ մի կերպ չի կարելի թերագնահատել, քանի որ դրանք, անկասկած, ավելին էին, քան պարզապես ավագանու ընտրություններ:

Բանն այն է, որ այն բոլոր «բացահայտումները», որոնք կատարեց ավագանու ընտրությունները, բավական տհաճ անակնկալ դարձան այն ուժերի համար, որոնք 2018-ի հետ կապված մեծ ծրագրեր ու քաղաքական նպատակներ ունեին: Ընտրությունները փաստեցին ՀՀԿ-ի անգերազանցելիությունը մյուս բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ՝ անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, թե ՀՀԿ-ն հանդես կգա վարչապետի դեմքով, թե՝ մեկ ուրիշի: Ավելին՝ փաստվեց, որ մեկ ուրիշի դեմքով հանդես գալու դեպքում նույն ՀՀԿ-ն շատ ավելի մեծ թվով ձայներ կարող է հավաքել, քան ոմանց կթվար, ինչը, բնականաբար, լրջագույն գործոն է հատկապես նախագահի ձեռքին՝ սեփական քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար:

Եվ ուրեմն՝ հարց՝ ի՞նչ տվեցին իշխանություններին ավագանու ընտրությունները, կամ իրավիճակի ի՞նչ փոփոխություն եղավ դաշտում մայիսի 14-ից հետո: Նախ՝ Կարապետյանի քաղաքական նշանակությունը կտրուկ նվազեց՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Միայն այն, որ արդեն իսկ ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Սամվել Կարապետյանը գոնե միառժամանակ ապաակտիվանում է՝ սպասելու դաշտում հետագա զարգացումներին, խոսում է այն մասին, որ նախագահականում հասան իրենց նպատակին: Եթե նույնիսկ այսքանից հետո Կարապետյանը 2018-ից հետո էլ շարունակի մնալ իր պաշտոնին, ապա նրա դերակտարությունը երկրի քաղաքական դաշտում՝ գրեթե զրոյական է լինելու. Կարապետյանի քաղաքական գործչի կարիերան, կարելի է ասել, ավարտված է այլևս. Կարապետյանը չհանձնեց գլխավոր քննությունը. նա մենեջերից չդարձավ քաղաքական ինքնուրույն դեմք, խարիզմա ունեցող գործիչ: Իսկ վարչապետի այս վիճակը միանգամայն ձեռնտու է հատկապես Բաղրամյան 26-ին, քանի որ լավ մենեջեր իրենց ձեռքի տակ՝ բոլոր ղեկավարներն էլ կցանկանան ունենալ:

Իսկ այն, որ 2018-ից հետո ևս Սերժ Սարգսյանը շարունակելու է այս կամ այն կերպ մնալ երկրի իրական ղեկավարը, ոչ ոք կարծես այլևս չի կասկածում: Այսպիսով, ստացվում է իդեալական պատկեր. մի կողմից՝ Սարգսյանն ունենում է քաղաքական կշիռ չունեցող, բայց Մոսկվայի մարդը համարվող վարչապետ, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի համար ստեղծվում են իդեալական պայմաններ՝ սեփական քաղաքական ապագան դասավորելու այնպես, ինչպես ինքն է պլանավորել. ԱԽ քարտուղարի պաշտոնն այս պարագայում կարող է փայլուն լուծում համարվել:

 

Ինչ վերաբերում է հասարակությանն ու ընդդիմադիր ուժերին, ապա այս պարագայում մնում է միայն ֆիքսել, որ թե՛ հասարակույունը, թե՛ ընդդիմադիր հատվածն այսօր ոչ մի էական գործոն իրենցից չեն ներկայացնում ու դժվար թե առաջիկա տարիներին ներկայացնեն, ինչը նշանակում է, որ երկրին վերաբերվող ամենակարևոր ու նույնիսկ ոչ այնքան կարևոր հարցերը լուծվելու են իշխանության ներսում: Հասարակությունն ընտրություններին ապացուցեց, որ լիովին վստահում է իշխող կուսակցությանը և պատրաստ է առաջնորդվել նրա կողմից՝ անկախ այն բանից, թե ինչի արդյունքում նույն այդ հասարակությունը ձևավորեց սեփական դիրքորոշումը:

 

Հարցը լուծված է ու լուծված է բնավ էլ ոչ հօգուտ Կարեն Կարապետյանի:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *