Վարչապետին մինչև աշուն ժամանակ են տվել…

timthumb (3)

Սամվել Նիկոյանը հարցազրույց է տվել ԶԼՄ-ներից մեկին, ուր, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել էր նաև Կառավարության գործունեությանը, հանդես եկել յուրատեսակ  ուղերձներով, որոնք իրականում շատ ավելի խորքային կարող են լինել, քան թվում է առաջին հայացքից: Այսպես՝ պատասխանելով կառավարության գործունեությանն առնչվող հարցին՝ Նիկոյանը նախ հայտարարել էր, թե ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու հասարակության ակնկալիքները, ապա՝ կարևորել արդյունքների հասնելու կոնկրետ ժամկետները, միևնույն ժամանակ՝ մեջբերել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ամիսներ առաջ պատմած առակը անջրդի հողերի ու ջրի մասին՝ կարծիք հայտնելով, որ մինչև աշուն գոնե թվերի, փաստերի լեզվով կկարողանան խոսել որոշակի ձեռքբերումների մասին:

 

Այպիսով՝ ի՞նչ կարող են նշանակել Սամվել Նիկոյանի կողմից այս բազմանշանակ ակնարկները (այն, որ ակնարկներ կան այս ամենում, նույնիսկ կույրին է տեսանելի): Նախ՝ ակնհայտ է, որ Նիկոյանի հարցազրույցը չափազանց բազմանշանակ է. մի կողմից, ըստ էության, յուրատեսակ նշաձող է սահմանվում Կարապետյանի կառավարության համար, մյուս կողմից` հստակ ակնարկ կա առ այն, որ Կարապետյանը դեռևս վայելում է բոլորի համակրանքն, ու սահմանված ժամկետն ամենևին էլ պետք չէ որպես ուլտիմատում ընդունել: Իրականում, սակայն, չտեսնել այստեղ որոշակի ակնարկ՝ ուղղած Կարապետյանին, ուղղակի անհնար է: Ակնհայտ է, որ որքան էլ Նիկոյանը փորձի քողարկել իր հարցազրույցի իրական ասելիքը, որքան էլ փորձի կառավարության գործունեության վերաբերյալ մեղմ արտահայտվել, միևնույնն է՝ նրա բուն ասելիքն ավելի քան ակներև է: Իսկ ասելիքը հետևյալն է. եթե չարդարացվեն ժողովրդի ակնկալիքներն ու երկրում իրական տնտեսական առաջընթաց չգրանցվի գոնե մինչև 2018-ի ավարտն, ապա  իրադարձությունները կարող են և անկանխատեսելի հունով զարգանալ:

 

Ասել կուզի՝ բոլորն ուշի ուշով հետևում են  Կարապետյանի կառավարության գործունեությանն ու հստակ ակնկալիքներ ունեն, որոնց չարդարանալու դեպքում Կարապետյանն անձամբ է ստիպված լինելու պատասխանատվություն կրել: Ի դեպ՝ բնավ էլ պատահական չէ այն, որ Կարապետյանի կադրերը պահպանեցին իրենց պաշտոնները. դրանով, ըստ էության, վարչապետի ուսերին ծանրացած պատասխանատվությունն է՛լ ավելի ծանրացավ, քանի որ վերանշանակումների նպատակը ցույց տալն էր, որ վարչապետի հանդեպ լիարժեք վստահություն՝ իրոք կա, որը, սակայն, պետք է ամրապնդվի հստակ արդյունքներով: Անկասկած է, որ իրականում բոլորն էլ հասկանում են՝ ո՛չ մեկ տարին, ո՛չ էլ երեք տարին՝ բավարար չեն քայքայված տնտեսություն վերականգնելու համար. Հայաստանն այն վիճակում չէ, որպեսզի հնարավոր լիներ այդ ժամանկահատվածում ինչ-որ բան փոխել երկրում:

 

Հետևաբար՝ մեծ ակնկալիքներ տածելն ու դրանց մասին  հայտարարելն իրականում թակարդ է Կարապետյանի դեմ. եթե նույնիսկ 2018-ի ապրլից հետո էլ Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում, ապա դա ոչ մի կերպ չի ավելացնելու նրա քաղաքական կշիռը ներքաղաքական կյանքում. չկա ո՛չ տնտեսական առաջընթաց, ո՛չ էլ պայծառ ապագայի իրական տեսլական:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *