Վիգեն Սարգսյանն` ընդդեմ Սեյրան Օհանյանի

timthumb

Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական գործիչների, ուժերի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Մարտիրոսյանը չի բացառել նաեւ, որ իրենց կմիանա Սեյրան Օհանյանը, սակայն նրա հետ այս պահին հանդիպում չի եղել: Արդյոք Օհանյանն ունի՞ նման մտադրություն, թե ոչ՝ դժվար է ասել: Նման զարգացման հավանականությունը միանշանակ չի կարող մերժվել, սակայն ՕՐՕ դաշինքի փլուզումից հետո Օհանյանը՝ լինելով հմուտ քաղաքական–ռազմական գործիչ, գիտակցում է ձեռքի տակ եղած ռեսուրսները և հնարավորությունները, և հասկանալի պատճառներով չի շտապում վերադառնալ քաղաքական ուղեծիր:

Մյուս կողմից՝ վերջին շրջանում ընդդիմության ճամբարում առկա խմորումները հուշում են, որ Օհանյանի համար վերադարձի լավ ճանապարհ է բացվում: Գուցե հենց դա հասկանալով՝ իշխանությունները գործի են անցել: Այն բանից հետո, երբ թեկուզ անուղղակի կերպով խոսք գնաց ՊՆ նախկին ղեկավարի քաղաքական ակտիվացման մասին, ՊՆ-ն և Քննչական կոմիտեն մեկը մյուսին հերթ չզիջելով, տեղեկատվություն են տարածում համակարգում նորանոր ձերբակալությունների մասին: Նախ, ՀՀ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում էր ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայում խոշոր չափերով հափշտակության բացահայտման և մայորի ձերբակալության մասին: Դրան հաջորդեց ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալին օրենքի դաշտ բերելը: Երեկ էլ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:

Նման մի իրավիճակ էր նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քննարկվում էր ՕՐՕ դաշինքի հետագա ճակատագիրը: Այն ժամանակ էլ ՊՆ-ում տարակուսելի կերպով նորանոր խախտումներ էին բացահայտվում և էլ ավելի հետաքրքիր է, որ ձերբակալություններն ավարտվեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ՝ ՕՐՕ դաշինքն այլևս վտանգ չի ներկայացնում իշխող համակարգի համար: Մարտի 1-ի գործի վերաբացումը նույնպես յուրահատուկ ուղերձ է այն ժամանակվա գործող անձանց, ովքեր արդեն այսօր կարող են վտանգ ներկայացնել ռեժիմի վերարտադրության համար: Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Միքայել Հարությունյանն էր, իսկ ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ Սեյրան Օհանյանը: Վերջիններիս անշուշտ որևէ մեղադրանք չի առաջադրվել, ինչը վկայում է այն բանի մասին, որ կոմպրոմատների պայքարում իշխանությունները զիջում են, դա է պատճառը, որ անցել են նախազգուշացման մարատավարությանը:Նախազգուշացումն էլ գալիս է ՊՆ-ից: Դժվար չէ կռահել, որ Վիգեն Սարգսյանը չի մարսել Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան գրառումները: Ակնհայտ է, որ իշխանությունն այսպիսով ակնարկում է Պաշտպանության նախկին նախարարին, որ չարժե վերադառնալ ակտիվ քաղաքականություն, եւ այն էլ՝ հանրահավաքային հարթակ:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *