Օրերս Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ Մոնակոյում առաջին անգամ տեղի ունեցան Հայաստանի օրեր, որի շրջանակում «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier» սրահում կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին:
Նշենք, որ համերգը կրում էր բարեգործական բնույթ:
«Արամ Խաչատրյանը առաջին հայն է եղել, ով 1974 թվականին համերգով հադես է եկել «Opéra Monte-Carlo»-ում՝ արքայազն Ռենե III-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հրավերով: «Opéra Monte-Carlo»-ի նախասրահում կազմակերպվել էր նաև Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցադրություն` համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ:
Հասմիկ Պապյանի համար սա երկրորդ ելույթն էր (2009թ-ից հետո) «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier» սրահում, բայց հատկանշական էր նրանով, որ առաջին անգամ hնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Կոմիտասի ստեղծագործությունները այնքան հիացրեցին Մոնակոյի հանդիսատեսին, որ արժանացան հոտնկայս ծափահարությունների»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Վրույր Փենեսյանը:
Նա նշեց՝ համերգին ներկա գտնվելու համար հայեր էին ժամանել տարբեր երկրներից. «Համերգին ներկա էին Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից ժամանած հայեր: Այդ օրը կրկնակի տոն էր բոլորիս համար, քանզի Հասմիկ Պապյանի ծննդյան օրն էր»,- ասաց Փենեսյանը:
Նշենք նաև՝ համերգից հետո տեղի է ունեցել ընթրիք, որի ընթացքում կազմակերպվել է ARARAT Լեգենդար Հայկական Կոնյակի համտեսի արարողություն:
Երեկոյի ընթացքում ARMENIAN COLLECTION 2018 MONTE CARLO հուշամեդալներ են շնորհվել Հասմիկ Պապյանին և Նարե Արղամանյանին:














