Տառապյալ պատգամավորները…

timthumb (15)

ԵԼՔ դաշինքի քարտուղար Գևորգ Գորգիսյանը վերջերս տված հարցազրույցներից մեկում շռնդալից միտք է արտահայտել:

 

Ումից-ումից, բայց հայրենի խորհրդարանի նորընծա պատգամավորից նման անկեղծություն չէինք սպասում: Գորգիսյանը մասնավորապես բողոքել է իր ներկայիս փեշակից, ասելով. «Զրկանքները շատ են, աշխատավարձը՝ քիչ, ժողովուրդը պահանջում է…Անշնորհակալ գործ է, ընկել ենք՝ պիտի քաշենք»:

Ինչ խոսք, նորաթուխ պատգամավորներին կարելի է միայն ցավակցել: Հասկանալի չէ անգամ, թե ինչպես են դիմակայելու այս զրկանքին. քիչ չէ՝ աշխատում են Ազգային Ժողովի թշվառ շենքում, ընդամենը խղճուկ 600 հազար դրամ են վաստակում (ռոճիկը, բնականաբար, Հայաստանում «ամենանվազներից» մեկը կարելի է համարել), դա էլ քիչ էր՝ ժողովուրդը, չգիտես ինչու, պատգամավորներից ինչ-որ բան է համարձակվում պահանջել: Թե ասա` ժողովուրդ ջան, դրության մեջ մտեք, էլի…

 

Մնում է հասկանալ` ով է ստիպել վերցնել պարոն Գորգիսյանին այդ չարաբաստիկ, անմարդկային զրկանքներ պահանջող մանդատը և օր ու գիշեր մաշվել վերջինիս ծանրության տակ: Կարելի է ենթադրել, որ Գևորգ Գորգիսյանն ամեն կերպ դիմադրել է, խուսափել, սակայն, ցավոք սրտի` չի ստացվել: Ճակատագիր է, ինչ ասես… այնուամենայնիվ  անհանգիստ կյանքի գրավական պատգամավորական մանդատը հասավ ԵԼՔ-ի անդամին: Այս իրավիճակին իհարկե ԵԼՔ ԿԱ՛: Մեզ բոլորիս անհրաժեշտ է շուտափույթ կերպով կազմակերպել տառապյալ պատգամավորների կյանքը մեղմելուն ուղղված քայլեր, նրանց աշխատանքային պայմանները օր առաջ պետք է բարելավվեն, իսկ աշխատավարձը՝ բարձրացվի: Չմոռանանք նաև օրը 20-30 անգամ շնորհակալություն հայտնել մեր երեսփոխաններին՝ իրենց նվիրական և տառապյալ աշխատանքի համար: Հա…մեկ էլ չմոռանանք, չսխալվենք ու մի բան պահանջենք: Խիղճն էլ է լավ բան…

 

Ստելլա Խաչատրյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *