Տավարի մսի համար թանկ չվճարելու համար դեռ պետք է սպասեք

mis

Հայաստանում պարտադիր սպանդանոցային մորթի անցումն առաջ բերեց մի շարք խնդիրներ, որոնք առավել ակնհայտ դարձան մարզերում։ Բանն այն է, որ մարտի մեկից ուժի մեջ մտած օրենքով՝ ՀՀ սպանդանոցային մորթի անցումը պարտադիր դարձավ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում, որոնք խնդիրներ առաջացրին այդ տարածքներում գործող մանկապարտեզների համար, որոնք այսուհետ ստիպված են լինելու որակյալ տավարի մսի համար կա՛մ վճարել ավելի թանկ, կա՛մ երեխաների սննդակարգից այն հանել։

ԼՈւՐԵՐ․com-ն ուսումնասիրություն է կատարել վերը նշված մարզերի մի շարք մանկապարտեզներում։

Օրինակ՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի մանկապարտեզի  տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ պարտադիր սպանդանոցային մոթի անցման հետևանքով թանկացած միսն իրենց օգնում է  գնել մանկապարտեզի հովանավորը․ «Եթե հովանավորը չլիներ, ստիպված էինք լինելու մանկապարտեզի վարձավճարը բարձրացնել»,-ասաց տնօրեն  Սամել Առուշանյանը։

Նույն իրավիճակն է նաև Շիրակի մարզում։ «Լուսաստղիկ» մանկապարտեզի տնօրենը նշեց, որ երեխաներին նույնիսկ մինչեւ օրենքի ընդունումը գործող ռեժիմով կարողանում էին տավարի մսով ապահովել միայն հովանավորի միջոցով։

Հովանավոր չունի, սակայն, Արտաշատի թիվ 3 մանկապարտեզը։ Այստեղ ստիպված են եղել մանկապարտեզի վարձավճարը թանկացնել, որպեսզի երեխաներին չզրկեն տավարի միս ուտելու հնարավորությունից։

ԼՈւՐԵՐ․ com-ի հետ զրույցում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների համար լրացուցիչ բեռ համարեց Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանը։

Թե ինչ կերպ է պարտադիր սպանդանոցային մորթի հեղինակ ՍԱՊԾ-ն պատկերացնում այս խնդիրների լուծումը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել  ՀՀ ԳՀ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանից. «Պետական գնումների արդյունքում են մանկապարտեզները միս ստանում. եթե ճիշտ կազմակերպվի այս գործընթացը, ֆինասնական խնդիրներ և ֆինանսական բեռ չի ավելանա մանկապարտեզների և նախակրթարանների վրա: Մարզերը կարող են միս ձեռք բերել մարզում առկա գործող սպանդանոցից, և ավելի էժան միս ձեռք բերելուն կօգնի հավելյալ  սպանդանոցների կառուցումը, ինչն այս պահին ընթացքի մեջ է, իսկ մինչև հունիսի մեկը սպանդանոցիների թիվը կհասցնենք քառասունի և վերջնական փուլում այն կհասնի յոթանասունի:  Բնականաբար, այն ժամանակ, երբ մարզերում լինի մի քանի սպանդանոց, մրցակցությունը կբերի գնի նվազեցման: ՍԱՊԾ-ն, այո՛, սպանդանոցային մորթի հեղինակն է, բայց գնային քաղաքականության համար պատասխանատվություն չի կրում»,-խոսքը եզրափակեց Մելիքյանը:

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *