Տարօրինակ հակասություն…

timthumb (2)

Այս կամ այն պետական գերատեսչության կողմից ճոխ-ճոխ գնումների մասին մամուլում, թերևս, շատ է խոսվում: Հատկապես շատ են հրապարակումները՝ թանկարժեք գույքի գնմանը վերաբերող հրապարակումները, որոնք հստակորեն ցույց են տալիս այն անխնա վերաբերմունքը պետական միջոցների հանդեպ, որ տիրում է զանազան պետական հաստատություններում՝ չնայած այն հանգամանքին, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ, իսկ թունելի վերջում այդպես էլ լույսի ոչ մի շող չի երևում:

Պարզվում է, սակայն, պետական փողերը ճոխ-ճոխ ծախսելու տեղ, բացի ասենք կահույք կամ վարագույր գնելուց, էլի կա. «կամանդիրովկաներն» են: Այսպես՝ պարզվում է, որ դիցուք՝ Արտաքին գործերի նախարարությունը նախորդ տարի արտասահմանյան գործուղումների համար ծախսել է ավելի քան քառորդ միլիարդ դրամ, որից ավիատոմսերի ձեռք բերմանն ուղղվել է 153 միլիոնից ավել գումար: Հետաքրքրականն այստեղ այն է, սակայն, որ թեպետ ըստ հաշվետվության՝ ԱԳՆ-ն մեծամասամբ օգտվել է էկոնոմ կարգի չվերթներից, սակայն մեկ ուղղությամբ գնված այդ էկոնոմ ավիատոմսերի արժեքները հատել են 700.000-ի շեմը:  Այսպես՝ պարզվել է, որ օրինակ՝ դեպի Բեռլին գործուղվող 3 պաշտոնյաների ավիատոմսերից յուրաքանչյուրը գնվել է 444 հազար դրամով: Հոնգկոնգից դեպի Փարիզ գործուղման ավիատոմսն արժեցել է ավելի քան կես միլիոն դրամ, Վիեննայից Փարիզով դեպի Համբուրգ ավիատոմսն էլ ձեռք է բերվել 777 հազար դրամով և այսպես շարունակ: Հիմա հարց է առաջանում՝ մի՞թե էկոնոմ դասի տոմսերն իրոք կարող են այսքան թանկ արժենալ: Մի՞թե, այնուամենայնիվ, բիզնես դասի ու էկոնոմ դասի տոմսերի միջև ոչ մի  էական տարբերություն գոյություն չունի: Իսկ միգուցե գործ ունենք սովորական խաբկանքի հե՞տ…

Ինչ էլ լինի, անհերքելի է, որ նման բազմամիլիոնանոց ծախսերը չեն կարող արդարացված համարվել, ու նախարարությունը պարտավոր էր անել ամեն բան՝ հնարավորինս խնայողական ռեժիմով իր աշխատակիցների գործուղումները կազմակերպելու համար: Հայաստանն աղքատ երկիր է, ուր ամեն մի լուման պետք է նպատակային ծախսվի, այլ ոչ թե միայն «կամանդիրովկաների» վրա միայն մեկ նախարարության կողմից քառորդ միլիարդներ մսխվեն. Նալբանդյանը Հայաստանի արտգործնախարարն է, այլ ոչ թե Սաուդյան Արաբիայի արքայազնը, այնպես չէ՞…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *