Տիգրան Ուրիխանյանի «ցնցող» բացահայտումները Անալիտիկի գործով

0Ազգային ժողովի պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ, «Անալիտիկի» տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ հաղորդում ներկայացրած Տիգրան Ուրիխանյանը նորանոր բացահայտումներ է անում շորթման գործով: Նա ավելի վաղ խոստացել էր ներկայացնել «Անալիտիկի գործին» վերաբերող այն ցնցող տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել ձերբակալված մեղադրյալների ու նրանց ստոր գործունեության առնչությամբ: Ուրիխանյանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

«Երկար ժամանակ analitik. am կայքը հոդվածներ էր գրում «ՎՏԲ- Հայաստան» բանկի մասին’ ահազանգելով, որ այդ բանկի սեփականատեր հանդիսացող ռուսաստանյան ՎՏԲ բանկի 2.9 % բաժնեմասերին տիրապետում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը: Նրանք գրում էին, որ ադրբեջանցիները այդ ֆինանսական կորպորացիայի միջոցով հետախուզական գործունեություն են ծավալում Հայաստանում, տեղեկություններ հավաքում ձեռնարկությունների մասին, և տիրապետության տակ առնում մեծաքանակ շարժական ու անշարժ գույք, օբյեկտներ և այլն: Շորթման համար մեղադրվող ու ձերբակալված Անալիտիկի տնօրեն Անի Հովհաննիսյանը հարցազրույցներ էր տալիս այդ թեմայի շուրջ, կազմակերպում էր ստորագրահավաք ու հրավիրում էր ասուլիսների այն գործիչներին, որոնք պատրաստ էին խոսել այդ թեմայի շուրջ, քննադատական հոդվածներ էր տարածում ադրբեջանական բաժնեմասով «ՎՏԲ Հայաստան» բանկի մասին: Զուգահեռ նույն գործունեությունն էր իրականացնում ԱՄՆ-ում գրանցված armcrimenews.com կայքը:

Միևնույն ժամանակ «ԱԼԳԱ« կոչվող փաստաբանական գրասենյակը սկսում է մասսայական հայցեր կազմակերպել «ՎՏԲ Հայաստան» բանկի վարկառուների անունից ընդդեմ բանկի: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին այդ կայքերը գրում էին, որ «ՎՏԲ -ի փամփուշտից սպանվեց հայ զինվորը», որ ռուս-ադրբեջանական բանկը փող է աշխատում վարկառու հայ զինվորների հաշվին այն պահին, երբ այդ զինվորները զոհվում են սահմանին, որ «այն ժամանակ, երբ սահմանին արյուն են թափում մեր քաջ զինվորները, Հայաստանի իշխանությունը հանձնում է Հրազդանի ցեմենտի գործարանը ադրբեջանական ՎՏԲ -ին» և այլն: Հենց այդ օրերին է Անին հրավիրում պատգամավոր Ուրիխանյանին ասուլիսի, իսկ երբ պատգամավորը հրաժարվում է, նա արդեն որերորդ անգամ տարածում է սուտ ու վիրավորական հոդված Ուրիխանյանի մասին: Դրանից հետո Անին հրավիրվում է հանդիպման, պահանջում ամսական 300000 դրամ սուտ, զրպարտիչ ու վիրավորական հոդվածներ պատգամավորի մասին չգրելու դիմաց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը բացարձակ մաքուր է, և նա երբևէ չի հանդուրժել ու չի հանդուրժելու շորթողներին և այլ հանցագործներին’ գործը հանձնվեց իրավապահներին ըստ օրենքի ու բարոյականության պահանջի, և գումարը վերցնելուց հետո Անին ձերբակալվեց: Դրանից անմիջապես հետո armcrimenews.am կայքը և մի քանի փատաբաններ ու ֆեյսբուքյան ֆեյքեր վայնասուն բարձրացրին’ թե Անին պայքարում էր ազգային շահի, հայ զինվորի կյանքի ու հայրենիքի համար ընդդեմ ռուս-ադրբեջանական բանկի, իսկ Ուրիխանյանը նրան չեզոքացրեց, դրանից բխող հետևանքներով հանդերձ:

Ամեն օր նշյալ կայքը կեղտ ու զառանցանք էր տարածում Ուրիխանյանի, իր գործունեության, նրա ընտանիքի, մերձավորների ու թիմակիցների մասին’ մեղադրելով գրեթե հակապետական արարքների մեջ: Իսկ հիմա ուշադրություն’ վերը նշված փաստաբանական գրասենյակը փաստացի ղեկավարում էր ՀՀ ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, ներկայումս ձերբակալված Արտակ Գալստյանը: Իսկ էլեկտրոնային հետախուզության արդյունքում ապացուցված է armcrimenews.am կայքի կապակցվածությունը նույնանուն կամ նմանատիպ ֆեյքերի հետ, որոնք ֆեյսբուքում տարածում էին այդ նյութերը և դրանց կապվածությունը Արտակ Գալստյանի հետ, ինչպես նաև առկա է նրա խոստովանության ձայնագրությունն ու այլ ապացույցներ: Հենց Արտակն է ազգականի միջոցով խոշոր վարկ ձևակերպել ՎՏԲ բանկում, իրականացրել մեքենայություններ ու հետո հայցով դիմել դատարան վարկը մարելու պահանջով, և հենց դրանից հետո է սկսվել իբր ազգային շահի համար պայքարը տեղեկատվական դաշտում:

Առաջարկում ենք, որ հանրությունն ինքը կարծիք կազմի այս համադրության վերաբերյալ: Իսկ Անիի փող շորթելու ձևը հասել էր նույնիսկ սրբապղծության: Ադրբեջանական բանկի,պատերազմի, զոհված զինվորների մասին գրելով հանդերձ, Անալիտիկը դիմում է այդ նույն ռուս-ադրբեջանական բանկին’ պահանջելով բանկից 1000000 դրամ ամսական, ոչ միայն վատ նյութեր չգրելու,այլև գովաբանելու համար: Այն, որ այս հանցագործներից տուժած բազմաթիվ շարքային քաղաքացիներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ,գործարարներ այս օրերին հայտարարեցին ևս դրանց զոհը լինելու մասին ու տալիս են բազմաթիվ ցուցմունքներ, դեռ մեկ խնդիր է, իսկ այն որ պատերազմի, ադրբեջանական հետախուզության, զոհված զինվորի ու ազգի պատիվը դրանք գնահատել էին ընդամենը 1000000 դրամ, սա արդեն սարսափելի է:

Վստահաբար, Տ. Ուրիխանյանը մեծ ծառայություն մատուցեց երկրին’ բացահայտելով այս սրիկայությունն ու քրեական հանցագործությունները’ վտանգի տակ դնելով սեփական հեղինակությունն ու անվտանգությունը: Հատուկ նշում ենք, որ ամբողջ վերոգրյալը ապացուցվում է ձայնագրություններով, փաստաթղթերով ու վկայություններով, որոնք կտրամադրվեն ցանկացած լրատվամիջոցի ըստ պահանջի: Հատուկ ձերբակալվածների պաշտպանների, այդ թվում, պատգամավորի դեմ էթիկայի հանձնաժողով դիմողին, հայտարարություններ տարածողներին ու ՀՀ նախագահին բաց նամակներ գրողին հայտնում ենք, որ բոլոր այդ ապացույցները ձեռք են բերվել ինքնուրույն, առանց որևէ իրավապահ մարմնի առնչության, նախաքննական գաղտնիք չեն հանդիսացել և ի սկզբանե գտնվել են տուժող կողմի տիրապետության տակ: Իսկ թե ինչ այլ փաստեր կան, ինչ առնչություն ունեն այս ամենի հետ արդեն նախկին և ներկա որոշ պետական պաշտոնյաներ,վստահ ենք,նախաքննությունը կպարզի»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *