«Տղա բերելու» բարդույթը

Օսկանյան

Երբ քառօրյա պատերազմի օրերին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այցելեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, դա իսկապես պետական մտածողության դրսևորում էր։ Այդ հանդիպումներում դժվար է ներքաղաքական դիվիդենտ՝ հաշվարկ փնտրելը։ Հակառակը՝ Լևոն Տեր Պետրոսյանի քայլը շահարկվեց։

Ոմանք խոսեցին իշխանություն-ընդդիմություն ստվերային գործարքների, պայմանավորվածությունների մասին, սակայն սա մեր 25-ամյա քաղաքական կյանքի բացառիկ դրվագներից է, երբ ներքաղաքական հետաքրքրությունները ստորադասվում են ազգային օրակարգին։ Այլ է ներքաղաքական հաշվարկ անողների պարագան։ Իշխանության և ընդդիմության կուսակցությունները ընտրողներին հիշում են ընտրությունից ընտրություն։

4-5 տարին մեկ իշխանություն կրողները փողով քվեներ են գնում։ Ընդդիմադիրները փորձում են ձայներ շահել՝ հաճախ պոպուլիստական խոստումներով ու կարգախոսներով։ Երկու դեպքում էլ տուժում է հասարակության արժեհամակարգը, տեղի է ունենում լյումպենացում։ Իշխող կուսակցությունը փորձում է ապահովել արտաքին ուժերի լոյալությունը, ինչը շատ կարևոր էիշխանության վերարտադրությունն ապահովելու համար։

Այսինքն՝ «իշխանություն» կոչվածը ոչ թե փորձում է կյանքի կոչել իր նախընտրական խոստումներն, այլ ստեղծել նախապայմաններ՝ իր արտոնյալ կարգավիճակը հնարավորինս երկարաձգելու համար։ Ընդդիմության գերակշիռ հատվածի համար ևս հասարակական պատվերը երկրորդական է։ Կարևորն իշխանության հետ պայմանավորվորվելն է կամ արտաքին կենտրոնների «դաբռոն» ստանալը։

Օրինակ՝ օրերս ԱԺ-ում քննարկվում էր հայ-ռուսական միասնական ՀՕՊ համակարգին վերաբերող համաձայնագիրը։ Իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորները մրցավազքի մեջ էին՝ Կրեմլի բարեհաճությունը ստանալու համար։ Իհարկե, ընդդիմադիրները խորը մոլորության մեջ են, որովհետև Մոսկվայում, որպես կանոն, գերադասում են գործ ունենալ գործող իշխանությունների հետ։ Սա ավելիպրագմատիկ ու պակաս ծախսատար մոտեցում է։ Կուսակցությունները, սակայն, տանիքներ փնտրում են ոչ միայն Մոսկվայում։

Հայաստանի Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը շաբաթներ առաջ հիմնեց իր «Համախմբում» կուսակցությունն ու շտապեց ոչ թե ընտրողների մոտ, այլ ուղևորվեց ԱՄՆ։ Ոչ մի արտառոց բան չկա, երբ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության նախկին ղեկավարը հանդիպում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոորլիքի հետ։ Միայն տխուր է արձանագրել, որ այս աշխատանքային փորձագիտական հանդիպումը մատուցվում է ներքաղաքական պրիզմայով։

Ավելին`տեղեկատվությունը տարածվում է կուսակցական խողովակով՝ լրացնելով լուրով, թե Օսկանյանի հաջորդ հանդիպումը հայ համայնքի հետ է։ Առաջիկա ընտրություններից առաջՕսկանյանն իր կուսակցության համար փորձում է արևմտամետի իմիջ ձևավորել՝ մոռանալով, որ հայաստանցի ընտրողը նրան ասոցացնելու է առաջին հերթին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Դրսից «տղա բերելու» պրակտիկան հուշում է, որ անցած 25 տարում մենք չենք ձևավորել ինքնաբավ քաղաքական համակարգ։ Նման համակարգը, բնականաբար, չի կարող ձևակերպվել Հայաստանի քաղաքացու պատվերը, երաշխավորել երկրի ինքնիշխանությունը։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *