Տնտեսական աճի «ֆեյք» ցուցանիշներն ու իրական պատկերը

timthumb (2)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառանալով դիտարկմանը, թե տնտեսական աճի տեմպերը շարունակում են գահավիժել և տարեվերջին ՀՆԱ-ի աճի տեմպերն են նվազելու՝ ասել է․ «Նախկինում եղած բոլոր պնդումները տնտեսական աճի ցուցանիշների մասին՝ եղել են ֆեյք պնդումներ»։ Սակայն դեռևս օգոստոս ամսին Նիկոլ Փաշինյանն իրֆեյսբուքյան  էջում գրառում էր կատարել՝ ոգևորությամբ հայտնելով․ «Հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին», չնայած դրան, այսօր նա այդ ակտիվությունը վերագրում է ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույք կատարելուն։ Փաստն այն է, որ Հայաստանում տնտեսության աճի ցուցանիշները դեռևս խոստացվածից շատ հեռու են։ Հեղափոխությունից հետո հասարակության համար տեսանելի ակնկալիքները հենց տնտեսությունից էին: Ինչպիսի՞ն է այսօր այդ ցուցանիշները, ի՞նչ գործոններ են ազդում ցուցանիշների վրա, այս և այլ հարցերի շուրջ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց տնտեսագետ Բաբկեն Թունյանի հետ։ 

-Պարո՛ն Թունյան, վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը նախկինում եղած տնտեսական աճի ցուցանիշների ֆեյք լինելու մասին ինչպե՞ս կմեկնաբանեք։ Արդյո՞ք մեզ հասած վիճակագրական տվյալներն իսկապես կեղծ են եղել։

-Վիճակագրական տվյալներին հավատալ կամ չհավատալը յուրաքանչյուր մարդու սուբյեկտիվ որոշումն է։ Եթե պաշտոնական վիճակագրությանը չենք հավատում, պետք է պաշտոնական վիճակագրության ոչ մի թիվ չմեջբերենք, անկախ նրանից՝ այդ թիվը մեզ ձեռնտու է, թե ձենռտու չէ։ Եթե հուլիսի համար այդ ցուցանիշը՝ 11․1 տկոս տնտեսական ակտիվության աճը հավաստի էր, ուրեմն այդ տրամաբանությամբ՝ պետք է հիմա ևս հավաստի լինի վիճակագրական տվյալները։ Վիճակագրական տվյալներից ընտրանքային եղանակով խոսելը սխալ է։

-Տնտեսական աճի ինչպիսի՞ ցուցանիշներ ունենք այսօր։

-Օգոստոս, սեպտեմբեր ամիսների դինամիկային նայելով՝ մեզ մոտ ոչ թե անկում ունենք, այլ զգալի դանդաղում։ ժամանակահատվածի կտրվածքով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին 6․5 տոկոսի չափով աճ կա, ինչը հիմնականում նախորդ ամիսներին գրանցած բարձր աճի հետևանք է, բայց եթե վերջին երեք ամիսներին այսպես շարունակվի՝ տարեվերջին տնտեսական ակտիվության ցուցնիշը, նաև ՀՆԱ-ն՝ կլինեն ավելի ցածր։ Դրա հիմնական մասն օբյեկտիվ գործոններով է պայմանավորված, այդ թվում՝ գյուղատնտեսության, պղնձի արդյունահանման, սանկցիաների․․․ Այդ ցուցանիշները, որոնք հիմա մենք տեսնում ենք, նաև նախորդ կառավարության գործունեության արդյունք են։

-Հեղափոխությունից հետո ամենաշատը խոսվում է ներդրումների մասին, սակայն այստեղ ևս տեսանելի արդյունքներ չունենք։ 

-Եթե կա ներդրումների անկում, դա տնտեսական ակտիվության վրա բացասաբար է ազդում, բայց շատ ավելի բացասական կազդի հետագայում։ Այսինքն՝ այսօր որևէ բան չի ստեղծվում, որը հետո սկսելու է աշխատել։ Դրա համար ներդրումներն այսօր ավելի մտահոգիչ ցուցանիշ ունեն, քան տնտեսության ակտիվության աճը կամ, օրինակ, գյուղատնտեսության անկումը։ Այսինքն՝ ստացվում է, որ այսօր համար հիմք չենք նախապատրաստում, որ վաղվա համար զարգացում ունենանք, բայց դա նախատեսելի էր։ Արտահերթ ընտրություններից հետո՝ ճիշտ աշխատանքի դեպքում, կարելի է ներդրումների հոսքը վերականգնել։

-Կանխատեսելի ասելով՝ նկատի ունեք հետհեղափոխական վիճակնե՞րը։

-Ոչ միայն․․․ Նախ՝ առաջին հերթին մենք ունենք մեծ խնդիր՝ Ամուլսարի հանքի հետ կապված, ու երկրորդ եռամսյակի  նվազումը, եթե նայում ենք վիճակագրությունը, հիմնականում պայմանավորված է Ամուլսարի հանքով։ Այսինքն՝ ներդրումներ չեն եղել։ Երկրորդ հանգամանքը  քաղաքական անորոշությունն է, որը ներդրողներին վախեցնում է, և նրանք սպասողական վարքագիծ են դրսևորում։ Եվ երրորդը՝ խաղի կանոններն են։ Հիմա կառավարությունը ստվերի դեմ պայքարի փուլում է, որը կողմնակի էֆեկտ ունի։

-Այսինքն, գործարարները զգուշավորությո՞ւն են ցուցաբերում:

-Դա գործարարներին վախեցնում է ու սպասողական վիճակի մեջ գցում։ Կառավարության կողմից խաղի կանոնների հստակեցում է պետք, որ այսօր աշխատող գործարարը վախի մեջ չապրի թե 10 տարի առաջվա խախտումը կարող են բացահայտել։ Ստվերի դեմ պայքարը անխուսափելի և պետքական բան է, բայց պետք է այդ ամենին նայել նաև տնտեսական նպատակահարմարության տեսնակյունից։ Հայաստանում, ցավոք, այնպես է, որ բիզնեսի, հատկապես խոշոր բիզնեսի մեջ՝ մատների վրա կարելի է հաշվել այնպիսի ընկերությունների, որոնք լիարժեք մաքուր են աշխատել, և խախտում թույլ չեն տվել։ Երբեմն պետք է խախտումներ բացահայտելու դեպքում ներել և հնարավորություն տալ տվյալ գործարարին՝ շարունակել իր աշխատանքը, սակայն դա պետք է անել հստակ օրենքի կանոնակարգումով։

-Կա կարծիք, որ մարդիկ գերադասում են գումարը բանկում պահել, քան ներդրումներ կատարել։ Սա ի՞նչ գործոնների հետ է կապված։

-Ավանդներ դնել՝ չի նշանակում փողը քնեցնել։ Բանկային համակարգի գլխավոր ֆունկցիան այդ գումարը վերաբաշխելն է։ Ավանդ դնելով և՛ մարդն է շահում տոկոսներով, և՝ բանկը։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե մենք ունենայինք զարգացած ֆոնդային բորսա, որտեղ հնարավոր կլիներ ուրիշ բաների մեջ ներդրումներ կատարել, բայց դրա կայացման համար ժամանակ ու ջանքեր են պետք։ Բանկային ավանդների աճը չի վկայում տնտեսության  աճի անկման մասին, դա վատ հակադրություն է։

-Եվ վերջում՝ ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք տնտեսության աճի ցուցանիշի հետ կապված։

-Կարծում եմ՝ եկող տարվա սկիզբը դժվար է լինելու։ Տնտեսական ցուցանիշները միգուցե լավը չլինեն, բայց ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է սպասվածից էլ ավելի լավ ցուցանիշներ ունենալ։ Տնտեսության մեջ շատ բան կախված է սպասումներից։ Ես ուզում եմ, որ դրական սպասումները գերակշռեն։

Արմինե Արմենակյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *